
Խորհրդարանական հանձնաժողովներում այսօր ներկայացվել է 2025 թ․ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Սա նաև 2021- 2026թթ․ կառավարության ծրագրի հաշվետվությունն է ՝ ասել է ֆինանսների նախարարը։ Տնտեսական հիմնական ցուցանիշները վարչապետն է ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի արդյունքներով կազմել են 2 տրլն 886 մլրդ 500 մլն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 մլրդ դրամով կամ 11 %-ով։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ 190 %-ով աճել են կապիտալ ծախսերը՝ նշել է Փաշինյանը։
2025 թվականի Հայաստանի տնտեսական ընդհանուր ցուցանիշներից կառավարությունում գոհ են, հատկապես որ կապիտալ ծախսերն ավելացել են, ընթացիկ ծախսերը՝ նվազել։
«Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական և սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը, ներառյալ սուբվենցիաների մասը, 2018 թվականի համեմատ, ավելի քան եռապատկվել է, ավելացել է 3.5 անգամ»,- ասում է հանրապետության վարչապետը։
2025–ին, ըստ բյուջեի կատարողականի, նվազել է բյուջեի պակասուրդը, պարտք– ՀՆԱ մասնաբաժինը՝ ընդգծում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2021- ից հետո պարտք–ՀՆԱ 60,2 % պարտք հարաբերակցությունը նվազեցրել ենք՝ սահմանելով 47,3 % մակարդակում։ Սա մեզ հնարավորություն է տալիս ունենալու բավարար ֆիսկալ տարածք ամեն հնարավոր շոկին արդյունավետ դիմակայելու համար»։
Պարտքի սպասարկման գծով ծախսերը ոչ միան կայունացել են, այլև մի փոքր նվազել՝ ասում է նախարարը։ Ըստ այդմ՝ առաջիկայում այն 10 %- ի շրջակայքում կլինի՝ հիմնականում դեֆիցտի կրճատման հաշվին։
Բայց համաշխարհային իրադարձությունները նույնպես որոշակիորեն ազդել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա։ Գնաճը պահպանվում է։ Բարձրացել են նաև նավթի, պղնձի ու պարենի միջազգային գները։ Արտահանման ծավալներն են նվազել, բայց, ըստ Հովհաննիսյանի, հայկական ծագման ապրանքների արտահանման ծավալներն ավելացել են։
«Այս տարի արդեն հունվար- ապրիլին հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 33,9 %- ով։ Սա էական դրական ազդակ է տալիս այս տարվա տնտեսական աճի համար և նաև մեր հետագա տնտեսական քաղաքականությունների համատեքստում»։
2025- ին փոխանցումները 24,5 %- ով են ավելացել՝ 714 մլն դոլար։ Արդեն այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ- ից դրամական փոխանցումները ավելացել են 21,5 %- ով։ Այլ երկրներից փոխանցումները նվազել են անցյալ տարի, ավելացել այս տարվա առաջին եռամսյակում։
Գործազրկության մակարդակը, ըստ ֆինանսների նախարարի, նվազել է, ամսական աշխատավարձն ավելացել է՝ կազմելով շուրջ 309 հզր դրամ։
Վարկերի ծավալները ևս ավելացել են․ «Վարկերի ծավալները 22 %- ով են աճել, իսկ ավանդներինը 18 %- ով են աճել։ Ապրիլի դրությամբ վարկերը աճել են 20,8 %–ով, իսկ ավանդները` 21,9 %- ով»
Նվազել է պետական պարտատոմսերի կշռված եկամտաբերությունը։ 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով զերծ է էական խեղաթյուրումներից՝ արձանագրում է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
«Արձանագրվել է 37 մլրդ դրամի խեղաթյուրում` փաստացի ծախսերի մասով դեբիտորական պարտքեր կամ վճարված գումարների դիմաց։ Չստացված ապրանքների և ծառայությունների ցուցանիշները խեղաթյուրված են տարեսկզբի և տարեվերջի դրությամբ՝ համապատասխանաբար՝ 548 մլն դրամով և շուրջ 6,9 մլրդ դրամով, ստացված ապրանքների և ծառայությունների դիմաց դեռևս չվճարված գումարների ցուցանիշները խեղաթյուրված են համապատասխանաբար տարեսկզբի դրությամբ՝ 4,9 մլրդ դրամի չափով և շուրջ 12 մլրդ դրամի չափով տարեվերջի դրությամբ»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը այլ հարցեր ունի․ եկամուտների հայտարարագրման համակարգում նորամուծություն կլինի՞, ու որոշակի ֆինանսավորում կուղղվի՞ ԶԼՄ- ներին ու ՀԿ-ներին։
Օրենսդրական փոփոխություններ կանեն ու սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնեն։ Կավելացնեն նաև սոցիալական կրեդիտները։ Մի մասը կուղղեն լրատվամիջոցներին ու ՀԿ- ներին՝ ակնկալելով, որ կսահմանեն չափանիշներ, որոնց բավարարելու դեպքում շահառուները կհայտնվեն այդ ցանկում՝ տեղեկացրեց ֆինանսների նախարարը։




