Վերնատուն

Այս ընտրությունները ոչ այնքան ընտրություն էր, որքան քաղաքակրթական քննություն․ Ռուբեն Բաբայան. «Վերնատուն»

Երեկ ավարտվեցին Ազգային ժողովի ընտրությունները, և այսօր մենք կփորձենք արձագանքել այդ իրադարձությանը՝ այն դիտարկելով մշակութային ու արժեքային հարթության մեջ։ Զրուցում ենք ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։

«Մշակույթը կարևոր է նաև քաղաքականության ու նաև խոսքի մեջ։ Մենք բանավեճ եզրույթն ենք օգտագործում, որը պարզապես վեճ չէ, այն հագեցած է մշակույթով։ Վերջերս մենք խոսում ենք, որ մեր ապրանքը պետք է համապատասխանի այն չափանիշներին, որոնք ընդունված են քաղաքակիրթ աշխարհում։ Խոսքը ևս ապրանք է, վեճը նույնպես, եթե դու ուզում ես համապատասխանել այդ չափանիշներին, դու պետք է փոխես քո բանավիճելու ձևն ու բովանդակությունը»,– ասում է Ռուբեն Բաբայանը։

Նա նշում է, որ այս ընտրությունները նախևառաջ քաղաքակրթական ընտրություն է․«Սա ոչ այնքան ընտրություն էր, որքան՝ քննություն․ արդյո՞ք մենք ճիշտ ենք պատկերացնում, թե ինչ է նշանակում զարգացած, առաջադեմ երկիր։ Պետք է գտնել համապատասխան քաղաքակրթական դաշտ, որտեղ գնահատվում է որակը, այլ ոչ թե քո հավատարմությունը «տիրոջը»»։ Բոլորս և քաղաքական ուժերն էլ, խոսում են ազատության մասին։ Ի՞նչ է ի վերջո ազատությունը. դա հենց վախի հաղթահարումն է։ Եթե ներքուստ ազատ չեղար, դու երբևիցե չես կարողանա կառուցել ազատ հասարակություն և ազատ երկիր։

«Մենք բոլորս մի նավակի մեջ ենք. մենք չենք կարող նույն ձևով մտածել, չենք կարող նույն գաղափարախոսությունն ունենալ, բայց մենք շահագրգռված ենք, որ բոլորս լինենք։ Մենք մեծ անելիքներ ունենք, և եթե բոլորս միասին մեր առջև խնդիր դնենք որակյալ կյանք ունենալ, որ մեզ համար ընդունելի լինի միայն ու միայն որակյալը, մենք կգտնենք ընդհանուր եզրեր՝ անկախ մեր գաղափարական, քաղաքական, քաղաքացիական հայացքներից»,– ասում է Ռուբեն Բաբայանը։ Ռուբեն Բաբայանն ասում է՝ եթե ազատ չես, չես կրում որևէ պատասխանատվություն. երբ ազատ ես, դու պատասխանատու ես ու տեր ես, իսկ երբ տեր ես, մտածում ես՝ ինչպես անել, որ կյանքդ ավելի հետաքրքիր, բովանդակային ու արժեքավոր դառնա։ Մենք, կարծեմ, այդ ընտրությունը կատարել ենք։

Կարդացեք նաև

Back to top button