
«Ժողովրդական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը քվեարկել է 4/49 ընտրատեղամասում։ Նա հայտարարել է, որ քվեարկել է հանուն հայկական պետության և հավելել, որ մեծ սպասելիքներ ունի, քանի որ քաղաքացիների հետ շփումների արդյունքում հասկացել է՝ մարդիկ փոփոխություններ են ցանկանում։
Սուրեն Պետրոսյանը ձեռնպահ է մնացել ընտրախախտումների մասին խոսելուց՝ հորդորելով բոլորին գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը․
«Սպասելիքներս բավականին դրական են։ Իհարկե, վերջում արդյունքը կախված է ժողովրդի քվեից, և կերևա՝ արդյոք արդարացված են իմ սպասելիքները, թե՝ ոչ։ Շփումների արդյունքում պարզ է դառնում, որ ժողովուրդը համակարգային փոփոխություններ է ուզում։ Թե որքանով դա կարտահայտվի քվեների տեսքով՝ կտեսնենք, որովհետև այս օրերի ընթացքում, անգամ լռության օրը, բավականին ինտենսիվ են հոգեբանական ճնշումներն ու ԶԼՄ-ների միջոցով գիտակցության մանիպուլյացիաները։ Մինչև ընտրությունները չավարտվեն, չի կարելի խոսել ընտրախախտումների ու լեգիտիմության մասին։ Մեր քաղաքացիներին ասելիքս հետևյալն է՝ գնացեք ընտրության և ձեր քվեարկության հիմքում դրեք գաղափարը, սկզբունքն ու ձեր հավատամքը»։




