
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով Ազգային ժողովի ընտրությունների մեկնարկի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հիմնական տվյալները:
Նա տեղեկացրել է, որ, հանրապետության ողջ տարածքում բոլոր ընտրատեղամասերն իրենց աշխատանքները սկսել են առավոտյան ժամը 07:00-ին, իսկ արդեն ժամը 08:00-ին դռները բացել են քաղաքացիների առջև՝ ընդունելով առաջին ընտրողներին:
«Ժամը 08:00-ի դրությամբ գործընթացն ընթանում է բնականոն: Այս ընթացքում եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք հընթացս արագ լուծվում են: Բոլորիս մաղթում եմ խաղաղ, հանգիստ ընտրություններ, որպեսզի ունենանք օրինական, շատ արդար ընտրություններ և լավ արդյունքներ»,- նշել է Վահագն Հովակիմյանը:
ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաև ընտրությունների նախապատրաստական փուլին՝ ընդգծելով իրականացված լայնածավալ կրթական ծրագրերը։ Ըստ ներկայացված տվյալների՝ գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով ԿԸՀ-ն հատուկ դասընթացներ է կազմակերպել 4000 տեխնիկական սարքավորումների սպասարկողների և շուրջ 16 հազար տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար:
Հովակիմյանը հավելել է նաև, որ առանձին հատուկ վերապատրաստումներ են անցել նաև ընտրական հանձնաժողովների նախագահներն ու քարտուղարները՝ տեղերում աշխատանքն առավել արդյունավետ համակարգելու համար:




