
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ են անցկացվել նաև Վրաստանում․ երեկ՝ երեկոյան, ջահերով ավանդական երթն էր, այսօր՝ բարեխոսական աղոթք հայկական եկեղեցում։ Վրաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները Վիրահայ գործիչների պանթեոնում էլ ծաղկեպսակ են դրել։
Հիշատակի արարողություն վիրահայ գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորությամբ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի համար այսօրվա խորհուրդը նաև պարտավորություն է պարունակում։ Մենք պարտավոր ենք հիշելու և հարգելու անմեղ զոհերի հիշատակը՝ թույլ չտալու նմանօրինակ հանցագործության կատարումը»։
Վրաստանում Հայաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնում ներկա դիվանագետներին՝ ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը միասնաբար հարգելու համար․
«Մեր օրերում տեսնում ենք, որ դեռ շարունակվում են այդօրինակ ոճրագործություններն աշխարհի տարբեր մասերում։ Ցավոք, մարդկությունը չկարողացավ ձերբազատվել դրանից, բայց, միևնույն է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ տեղ, որևէ ժողովրդի նկատմամբ նման հանցագործություն չկրկնվի այլևս․ դա անընդունելի է»։
Վրաստանում հիշատակի արարողությունները մեկնարկել են երեկ․ բազմաթիվ քաղաքացիներ մասնակցել են ավանդական դարձած ջահերով երթին։
Ցեղասպանության նահատակների հիշատակին աղոթք է բարձրացվել հայկական եկեղեցիներում։
Թբիլիսիի հայության մի ստվար հատված Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը նկատում է՝ Ապրիլի 24-ը միայն հիշատակի օր չէ, այլ նաև հսկայական ժառանգության կորստի օր, և այդ ողբերգական իրադարձություններից 111 տարի անց էլ մենք՝ որպես ազգ, դեռ չենք կարողացել լիովին վերականգնվել։
«Մեզ հավանաբար 200 տարի է պետք, որպեսզի մեզ՝ որպես ազգ, նորից վերագտնենք, դուրս գանք այն ահռելի բեռից և ճնշումից, որ թողել է Հայոց ցեղասպանությունը։ Դրա համար պետք է ավելի ազնիվ լինենք, չդավաճանենք մեր նախնիներին, որոնք չդավաճանեցին իրենց հավատին, արժանապատվությանը և զոհվեցին։ Մենք՝ այսօր ապրողներս, այդ արժանապատիվ հայերի ժառանգներն ենք և պարտավոր ենք անելու ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք նոր ցեղասպանություն»։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում տեղադրվել է 2002 թվականին՝ բարեկարգումից և Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայությամբ վերաբացումից հետո։
Դրանից հետո՝ ամեն տարի, համայնքային այլ միջոցառումների շարքում հիշատակի արարողություն է անցկացվում նաև Հավլաբարի բարձունքում՝ Խոջիվանքի պանթեոնում։




