
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շուրջ կարծիքները տարբեր են։ Օրենքի նախագծի հեղինակների համոզմամբ՝ սահմանվում են ՀՀ տարածքում տնային, թափառող, ծառայողական նշանակության, ինչպես նաև սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները։
Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների հիմնախնդրի լուծմանը, նրանց ստերջացմանն ու որդեգրմանը: ՀԿ ներկայացուցիչները, սակայն, նախագծում նկատել են մտահոգիչ կետեր և պահանջում են վերանայել դրանք։



«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը նոր չէ։ «Դեռևս 2011 թվականին նախագծի վրա աշխատել են «Փրո Փոուզ» բրիտանական կազմակերպության տեղի և արտասահմանցի մասնագետները»,- ասում է կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ միաժամանակ նշելով, որ ժամանակի ընթացքում շատ դրույթներ այլափոխվել են: Ըստ նրա՝ վերջին փոփոխությունները խաթարել են օրինագծի բուն իմաստը, և բացակայում են հիմնական շեշտադրումները։
Ըստ Արամյանի՝ ոլորտը ոչ միայն չի կարգավորվի, այլև թափառող կենդանիների խնդրի սրացում կարձանագրվի, հատկապես՝ մարզերում։ Նախագծով նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-3 կացարան, ինչն Արամյանը սխալ մոտեցում է համարում՝ պնդելով, որ այն կվնասի հիմնախնդրի լուծմանը։
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի համոզմամբ էլ՝ այս օրենքը պետք է շուտափույթ ուժի մեջ մտնի և կիրառվի գործնականում, որից հետո միայն հնարավոր կլինի հասկանալ բացերն ու լրամշակել դրանք. «Թափառող կենդանիների ոլորտը կարգավորելու համար օրենքի առկայությունն այս պահին ուղղակի անհրաժեշտություն է։ Օրենքը կլավարկի ոլորտը»։
Մասնագետները համակարծիք են միայն մեկ հարցում՝ Հայաստանում կենդանի պահելու մշակույթը դեռևս բավարար չափով զարգացած չէ։ Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, ապա շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումները մնում են անհրաժեշտ նախապայման՝ առողջ որոշումներ կայացնելու համար։




