
Արամ Խաչատրյանի «Մանկական ալբոմը» սերունդների համար եղել է դասական երաժշտության աշխարհ տանող առաջին դարպասը։ Սակայն պարզվում է՝ այդ աշխարհի մի զգալի մասը երկար տարիներ թաքնված է եղել մշակութային աղավաղման և խորհրդային տարիների հրատարակչական քաղաքականության հետևում։ Պատմությունը, որը շատերը գիտեին որպես ռուսական «Իվանի արկածները», իրականում հայկական ընտանիքի անձնական ու ջերմ մի օրագիր է։ Այս զարմանալի բացահայտման և մշակութային ժառանգության վերականգնման հետևում կանգնած է դաշնակահարուհի-մանկավարժ Սուսաննա Տարոնցին։
Ամեն ինչ սկսվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, որտեղ 1992 թվականից բնակվող Սուսաննա Տարոնցին, որպես Երաժշտության ուսուցիչների ասոցիացիայի (MTAC) քննական հանձնաժողովի դատավոր, հանդիպում է Խաչատրյանի ստեղծագործություններին՝ անսպասելի ու օտար անվանումներով։ «Անդանտինոն» դարձել էր «Իվանը երգում է», իսկ ամբողջ ժողովածուն, որը Խորհրդային Միությունում առաջին անգամ հրատարակվել էր 1948 թվականին, ներկայացվում էր որպես «Իվանի արկածները» (Adventure of Ivan)։
«Ցնցվեցի, — խոստովանում է տիկին Սուսաննան, — մտածում էի՝ ո՞նց կարող է ես տեղյակ չլինեմ, որ Արամ Խաչատրյանը գործ է գրել Իվանի մասին»։
Այս հարցը դարձավ բազմամյա մշակութային հետախուզության մեկնարկ։ Սուսաննա Տարոնցին կապ է հաստատում Հայաստանի իր գործընկերների, ապա՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ։ Տարիների համատեղ աշխատանքի արդյունքում, պրպտելով արխիվներն ու ուսումնասիրելով բնագիր ձեռագրերը, նա բացահայտում է ճշմարտությունը. «Իվանը» հորինված, ընդհանրական կերպար էր, որը, ամենայն հավանականությամբ, ծնվել էր ստալինյան ռեժիմի պայմաններում՝ միջազգային հրատարակություններում գործերը «սովետականացնելու» նպատակով։ Սուսաննա Տարոնցին ենթադրում է, որ Խաչատրյանը, տեղյակ լինելով փոփոխության մասին, համաձայնվել է, որպեսզի իր երաժշտությունը կարողանա հնչել աշխարհում, քանի որ այն ժամանակ կոմպոզիտորները չունեին իրենց ստեղծագործություններն արտասահմանում ինքնուրույն տպագրելու հեղինակային իրավունք։
Իրականում Խաչատրյանի մանկական պիեսները նրա կյանքի, ընտանիքի ու շրջապատի արտացոլումն էին՝ նվիրված իրական մարդկանց ու նույնիսկ կենդանիներին։



- «Ռենիկին նվիրված» պիեսն իրականում գրվել է որդու՝ Կարենի համար, ում փաղաքշական անունն էր Ռենիկ։
- Հանրահայտ թախծոտ մեղեդին, որը ներկայացվում էր որպես «Լեադոն հիվանդացել է», նվիրված էր կոմպոզիտորի սիրելի արքունական պուդելին, որի անունը կազմված էր «լյա» և «դո» նոտաներից։
- «Բարսիկը ճոճանակի վրա» պիեսը նվիրված էր նրա կատվին։
- «Հեծելազորը» գրվել էր եղբորորդու՝ Վլադիկի համար, ով, ինչպես պարզվում է, շատ էր սիրում ձիերով պատերազմ խաղալ։
Այս բացահայտումները պարզապես անունների փոփոխություն չեն, դրանք վերականգնում են Խաչատրյանի երաժշտության հայկական հոգին։ Սուսաննա Տարոնցին ընդգծում է, որ Խաչատրյանը ուսումնասիրել է իր շրջապատի երեխաների հոգեբանությունը․ «Նա գրել է յուրաքանչյուր երեխայի համար՝ ելնելով նրա բնավորությունից։ Օրինակ՝ «Ծննդյան օրը» նվիրված է Տալիային, մի աղջկա, որը պաշտում էր տոները, հագնվելն ու հանդեսները»։
Երկարատև աշխատանքի արդյունքում, խորհրդանշական կերպով՝ հենց Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին, լույս տեսավ «Մանկական ալբոմի» երկու տետրերի վերականգնված և եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) հրատարակությունը։ Այն ընդգրկում է ընդհանուր թվով 20 պիես (յուրաքանչյուր տետրում՝ 10), որոնցից յուրաքանչյուրն այժմ ներկայանում է իր իսկական, բնագիր անվանմամբ և նվիրումով։
Սուսաննա Տարոնցու ջանքերով ստեղծված նոր ժողովածուն ոչ միայն ուղղում է պատմական սխալը, այլև աշխարհին է ներկայացնում Խաչատրյանին՝ ոչ թե որպես «սովետական» կամ «ռուս» կոմպոզիտորի, այլ որպես հայ մարդու, ով իր երաժշտության մեջ ամփոփել է իր ընտանիքի ջերմությունն ու հույզերը։
«Խախտված էր նրա էթնիկ բնույթը, — նշում է դաշնակահարուհին, — իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ գործերում ոչ մի ռուսական տոնայնական համակարգ չկա։ Սա միայն ու միայն հայկական տոնայնական լադերի վրա է»։
Նրա աշխատանքը փաստում է՝ ճշմարիտ արվեստը պահանջում է նվիրում, հետևողականություն և անսահման սեր սեփական մշակույթի հանդեպ։ Սուսաննա Տարոնցու ուսումնասիրությունների շնորհիվ Արամ Խաչատրյանի «Մանկական ալբոմը» այսօր վերադարձել է հայկական ընտանիք, որտեղ յուրաքանչյուր նոտայի հետևում թաքնված է ոչ թե օտար «Իվանը», այլ հանճարեղ հայի անձնական, սրտառուչ պատմությունը։ «Սա ոչ միայն գիրք է, այլև մշակութային ինքնության վկայական, որը վերադարձվել է իսկական տերերին՝ հայ ժողովրդին և ողջ աշխարհին»։




