
Երևանի օդի աղտոտվածության քառամյա ծրագրով մի շարք փոփոխություններ կիրականացվեն։ Մասնավորապես, շինհրապարակներում կպարտադրվի փոշեջնշիչ և փոշեկլանիչ սարքերի տեղադրումը, կառուցվող բնակելի շենքերի համար կառուցապատողից կպահանջվի 50 տոկոսից ավելի կանաչ տարածքների ապահովում։ Կավելանան նաև տուգանքների չափերը, քանի որ ներկա տուգանքների չափերը կառուցապատողների մոտ վարքագծի փոփոխություն չեն առաջացնում։
Երևանի քաղաքապետարանից նաև տեղեկացնում են, որ աշխատանքներ են նախատեսվում հանքավայրերի բնապահպանական հետևանքների նվազման ուղղությամբ։
Երևանում օդի աղտոտվածությունը սրվում է հատկապես ձմռան ամիսներին։ Մասնագետները նշում են, որ այդ շրջանում դիտվում է օդի այսպես ասած շրջանառության կանգ, հետևաբար նաև՝ օդում աղտոտիչների կուտակում։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ Երևանի կենտրոն համայնքում է արձանագրվում աղտոտիչների սահմանային թույլատրելի քանակի գերազանցումներ։ Երևանի բնակիչները բարձրաձայնում են օդի աղտոտվածության խնդրի մասին։ Ամեն օր տուն են մաքրում, սակայն կարճ ժամանակ անց փոշին կրկին «հարմարավետ տեղավորված» է տանը։
Երևանի օդի աղտոտվածության խնդիրը տարեցտարի սրվում է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով՝ տրանսպորտային միջոցների քանակական աճով, շինարարությամբ, հանքավայրերի շահագործմամբ և այլն։
«Էկոսֆերա»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն օդի աղտոտվածության հետ կապված հետևյալն ասաց․ «Աղտոտվածությունը հատկապես բարձր է ձմռան ամիսներին, երբ 3-4 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Սա «Հիդրոմետ»-ի ցուցանիշներով։ Քաղաքապետարանում էլ ունենք տեղադրված օդի աղտոտվածությունը չափող սարքեր շինհրապարակներում։ Սարքերը հիմնականում չափավոր աղտոտվածություն են ցույց տալիս, ձմեռային ամիսներին մեր սարքերով ևս աղտոտվածությունը բարձր է ցույց տալիս»։
Այդուհանդերձ, օդի աղտոտվածությունը չափող սարքերի տվյալները բավարար չեն քաղաքի ընդհանուր ֆոնային աղտոտվածության պատկերը ստանալու համար։ Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված սարքերն ուսումնասիրում են միայն շինհրապարակներում փոշու աղտոտվածությունը։ Դրանք չեն արտացոլում Երևանում մթնոլորտային աղտոտվածության իրական պատկերը։

Ինչ վերաբերում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հետազոտություններին, ապա փոշու մանր՝ PM2.5 մասնիկների հետազոտություն սարքերը չեն իրականացնում։ Գորիկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Երևան քաղաքում այս տարի նախատեսում է տեղադրել երկու ժամանակակից չափիչ կայան, որոնց չափումների արդյունքները նույն պահին հնարավոր է տեսնել առցանց հարթակում։ Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին կգործեն կայանները, որոնք կչափեն ֆոնային աղտոտվածությունը։ Սակայն Երևանի օդի աղտոտվածության մասին ընդհանուր պատկերն ունենալու համար երկու կայանի գործարկումը բավարար չէ, անհրաժեշտ է առնվազն վեց կայան։
Երևանի մթնոլորտային հիմնական աղտոտիչը փոշին է և տրանսպորտից առաջացած ազոտի օքսիդները։ Իսկ ահա փոշու առաջացման հիմնական «մեղավորները» մայրաքաղաքում չընդհատվող շինարարությունն ու հանքավայրերի շահագործումն են։ Ավետիսյանի խոսքով՝ հանքավայրերի մասով Երևանի քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակված են, սակայն հասցրած բացասական հետևանքներն ակնհայտ են։
Խնդիրներ են առաջացնում նաև Երևանին մոտ գտնվող հանքավայրերը, որոնք փաստացի Երևանի համայնքի ենթակայության տակ չեն, սակայն մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններ ուղղակի ազդեցություն կրում են, հատկապես՝ Ավան, Քանաքեռ-Զեյթուն և այլ։
Փոշով աղտոտվածության հաջորդ պատճառը մայրաքաղաքում անընդմեջ ընթացող շինարարությունն է։ Անընդհատ աճող շենքերի հետ աճում է նաև փոշու քանակը։ Գորիկ Ավետիսյանն ասում է՝ կառուցապատողներն ունեն որոշակի ստանձնած պարտավորություններ, որոնք պետք է իրականացնեն։
Երևանի օդի աղտոտվածության քառամյա ծրագիր է մշակվել, որում ներառված գործողությունները ենթակա են կատարման առաջիկա տարիների ընթացքում։ Գործողությունները միտված են աղտոտման աղբյուրների կրճատմանը՝ դրանք են շինարարության, տրանսպորտի, հանքավայրերի, Նուբարաշենի աղբավայրի արտանետումների նվազմանը միտված աշխատանքներ, ինչպես նաև կանաչ տարածքների ավելացում՝ յուրաքանչյուր շնչի հաշվով։
Երևանի օդի աղտոտվածության քառամյա ծրագիրն այս պահին ավարտական փուլում է։ Առաջիկայում կներկայացվի հանրությանը, որից հետո կհրապարակվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։




