ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Լոռիում կանայք շարունակում են բախվել խտրականության ու խոչընդոտների․ հետազոտություն

2025թ․-ի մարտ-հուլիսին Լոռու մարզում հետազոտվել են կանանց հիմնախնդիրները և ամփոփվել զեկույցում՝ նպատակ ունենալով վերհա­նել մարզի կանանց կարիքները: Հետազոտությանը մասնակցել են 400-ից ավելի կանայք։ Ըստ դիտարկումների՝ լոռեցի կանայք խնդիրների են բախվում առավելապես կրթության, աշխատանքի և զբաղվածության, գենդերային հիմնախնդիրների, քաղաքականությանը մասնակցության և առաջնորդության ոլորտներում։

Մեր պատմության հերոսուհին ամուսնալուծվել է։ Խնդրում է փոխել ձայնն ու չհրապարակել անունը։ Վանաձորում է ապրում։ Ֆիզիկական բռնություն չէ, բայց հոգեբանականը միշտ առկա էր՝ ասում է 44-ամյա կինը։ Համբերության բաժակը լցվել է, երբ բարդ վիրահատությունից հետո ամուսինն, ընտանիքի անդամների վերաբերմունքի ազդեցության տակ, այդպես էլ չի եկել հիվանդանոց՝ տեսակցության։

«Ես չեմ միանա, որովհետև նույն պատմությունները կրկնվելու են, ավելի շատ ինձ ոտնահարելու են։ Իրենց բնավորությունն իմանալով հանդերձ՝ արդեն չեմ միանա»

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանն ասում է, որ թե՛ 2017-ի, թե՛ 2025-ի զեկույցում նկատել են՝ ամենաշատը խտրական վերաբերմունքի են արժանանում ամուսնալուծված կա­նայք։ Կազմակերպությունը լոռեցի կանանց խնդիրները մեկտեղել է մեկ զեկույցում, փորձել հասկանալ նրանց կարիքները։

 «Սա կարևոր ռեսուրս է պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների համար։ Մեզ համար ամենափակ համայնքը Տաշիրն է, որտեղ մարդիկ խուսափում են։ Երևի կարծրատիպային մտածելակերպն ավելի մեծ է»։ 

Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանա­վան, Վանաձոր, Տաշիր համայնքների 491 կանայք խոսել են կրթության, առողջապահության, գենդերային հիմնախնդիրների,  քաղաքական մասնակցության իրենց խնդիրներից։ Հարցված կանանց մեծ մասը՝ 30%-ը, ոչ ոքի չի դիմի աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքում, 25 %ը չգիտի ում դիմել և վստահության պակասի պատճառով միայն 3 տոկոսը կդիմեր ոստիկանություն։Հետազոտության հեղինակ, գենդերային և սոցիալական ներառման փորձագետ Սոնա Գրիգորյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ շոկային էր լսել այն կանանց պատմությունները, որոնք բռնության են ենթարկվել աշխատավայրում՝ գործատուի կողմից։

«Զբաղվածության ոլորտում էդ բռնություններից եմ շատ զարմացել, որ կանանց կարող են փակել աշխատավայրում և ասել՝ մինչև պլանը չկատարես, չես գնա տուն։  Սարսափելի էր լսել, որ քսանմեկերորդ դարում կանայք կարող են նման իրավիճակում հայտնվել»։

Աշխատատեղի խնդիրներ կան հատկապես գյու­ղերում։ Կարծրատիպերը շարունակում են խոչընդոտել կա­նանց ինքնաիրացմանը։ Զբաղվածությունը ցածր է անգամ բարձրագույն կրթության դեպքում։ Շատերն ուսումը կիսատ են թող­նում՝ ամուսնության կամ ֆինանսական խնդիրների պատճառով։ Հարցվողների 43%-ը գտնում է, որ իրենց համայնքներում կանանց իրավունքների ոտնա­հար­ման աստիճանը միջին մակարդակի է։

Սոնա Գրիգորյանն ակնհայտ կապ է տեսել կրթական ցածր ցենզ ունեցող կանանց ու ընտանեկան բռնու­­թյան զոհ դառնալու միջև։ Նրա կարծիքով՝ դա ոչ միայն տնտեսական կախվածության, այլև սեփական իրավունք­ներին տեղյակ չլինելու հետևանք է։
 Սրան զուգահեռ՝ զարմացել, երբ սեռական ոտնձգությունների մասին անկեղծ տեղեկություններով են կիսվել ֆոկուս խմբային զրույցների ժամանակ։  

«Խորին հարցազրույցն ավելի մտերմիկ է, գաղտնիության սկզբունքն իրենք պատկերացնում են ու ավելի ազատ են ասելու, բայց որ ֆոկուս խմբայինների ժամանակ էին խմբի առաջ ներկայացնում, ինձ համար դա շատ զարմանալի էր։ Ես դրական եմ գնահատում, որ կանայք համարձակվում են արդեն դրա մասին բարձրաձայնել»։

Լոռեցի կանանց համար դեռևս խնդիր է բուժծառայությունների մատչելիությունը։ Կանայք կարծում են, որ չկա բավարար որակ ու հասանելիություն՝ հատկապես գյուղերում։ Վճարունակ չլինելու պատճառով բուժծառայություններից չի օգտվում կանանց 21 %-ը։ Որոշումների կայացման հարցում թեև կարևորում են իրենց ձայնը, բայց կանանց 58%-ը երբեք չի մասնակցում համայնքային հանդիպումների և որոշումների կայացմանը, 25 %-ը ընտանիքի հոգսը և 22 %-ն էլ ընտանիքի արգելքն է համարում խոչընդոտ կանանց առաջնորդությանը։ Հակասական իրավիճակ կա այս ամենում՝ ասում է Սոնա Գրիգորյանը․

«Մի կողմից կանայք միտված չեն քաղաքական որոշումների կայացմանը, ներգրավվելուն և հարցազրույցի ժամանակ էլ խոսում էին, որ իրենց մերձավորներին, շրջապատի կանանց խորհուրդ չեն տա մտնել քաղաքականություն, միաժամանակ, հարցումներից դուրս էր գալիս պատկեր, որ իրենք տեղեկացված են, թե ինչքանով են կանայք լսելի, ինչքանով է կանանց ձայնը լսելի հասարակական-քաղաքական կյանքում ինչ-որ բան փոխելու առումով։ Եթե դու չես մասնակցում, ի՞նչ գիտես, այդ կինը, որ ավագանու անդամ է, ինչքանո՞վ է իր կամ քո օրակարգն առաջ տանում»։

Նկատելի դրական է վերաբերմունքն Արցախից տեղահանվածների և ազգային փոքրամասնությունների հանդեպ, իսկ ահա հաշման­դամություն ունեցող կա­նայք անտարբերությունից մինչև խտրական մոտեցման են արժանանում։ Լոռեցի կանանց կյանքի որակի վրա բա­ցասաբար են ազդել արտակարգ ու ճգնաժամային իրավիճակները՝ պատերազմը, քովիդն ու Դեբեդի վարարումը։ Հետազոտողը բացահայտում է համարում, որ շատ կանայք են դրսևորել կլիմայի հարմարվողականության վերաբերյալ գիտելիք ստանալու ցանկություն՝ ավելի գրագետ գյուղատնտեսություն ու բիզնես վարելու համար։

Հետազոտության առաջարկների հեղինակները հենց մասնակից կանայք են՝ ասում է Աշխեն Բաբայանը։ Նպատակը եղել է ոչ միայն մարտահրավերներն արձանագրելը, այլև նպաստել կանանց իրավունքների և հնարավորությունների պաշտպանությանը։

Կարդացեք նաև

Back to top button