
Ծնունդների աղջիկ-տղա հարաբերակցությունից մինչև աշխատող բնակչության կազմում կանանց և տղամարդկանց մասնաբաժին․ այս ամենի վերաբերյալ տվյալներն ամփոփում է գենդերային վիճակագրությունը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն չի հերքում, որ ինֆորմացիայի հավաքման առումով խնդիրներ և մեթոդաբանության լավարակման կարիք կա։ Կոմիտեի «աշխատանքի վիճակագրություն» բաժնի պետ, գենդերային վիճակագրության պատասխանատու Լուսինե Քալանթարյանի հետ զրուցել է «Ռադիոլուր»-ը։
-Ի՞նչ է արվում լավացնելու համար վիճակագրական տվյալների հավաքման գործը։
Պաշտոնական վիճակագրության խնդիրները շատ ավելի մեծացել են, որովհետև համատարած՝ տարածության մեջ այնքան տեղեկատվություն կա, բայց այդտեղից գտնել որակյալ տեղեկույթը՝ դա իսկապես որոշակի գիտելիք է պետք հասկանալու՝ ո՞ր տվյալը կարելի է օգտագործել։
Գենդերային վիճակագրությունը լավացնելու համար գործուն մասնակցություն ունեն նաև սպառողները, քանի որ սպառողների շրջանակը շատ լայն է՝ սկսած մեդիա հատվածից, ուսանողից, նախարարից, միջազգային հանրությունից։
-Խոսքը ո՞ր վիճակագրական ցուցանիշների մասին է, և ինչպե՞ս եք ստանում դրանք։
Պարզ օրինակ բերեմ, ընտանեկան բռնության կամ բռնության որևէ տեսակի մասին խոսում ենք։ Ամեն ինչ սկսվում է իրավիճակը տվյալների լեզվով ներկայացնելուց։ Այս վիճակագրությունը ստանալու առնվազն 2 աղբյուր կա, մեկը՝ համապատասխան պետական մարմինների խողովակներում գրանցում անցած դեպքերը։ Նաև միջազգային կառույցները մշակել են ստանդարտներ, որպեսզի հատուկ մշակված մեթոդաբանությամբ և գործիքներով որոշակի տնային տնտեսություններում տեսնել այն «ոչ տեսանելի» մասը։
-Որո՞նք են այդ գործիքները և արդյո՞ք Հայաստանում կիրառվում են։
-Այս ոլորտի վիճակագրության բանաձևեր մշակող մարմինը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է։ Իրենք վաղուց են մշակել այն գործիքակազմը, թե ինչպես իրականացնել, ինչ հարցերով։ Վերջին անգամ նման հետազոտություն մեզ հաջողվել է իրականացնել 2021թ.-ին։ Այդտեղ ամեն ինչ շատ զգայուն է։ «Առողջության վերաբերյալ». այսպես էր վերնագիրը, որովհետև դու չես կարող դուռը ծեծել, ասել՝ բարև Ձեզ, ես եկել եմ Ձեր տանն ուսումնասիրելու ընտանեկան բռնության հարցը։
-Գենդերային վիճակագրությունն այլ ո՞ր մասով կարող է հավաքագրվել։
«Գենդերային վիճակագրություն» սահմանումն իր մեջ ներառում է՝ կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների ունեցած հնարավորթյունները, հավասարություն և անհավասարությունը։ Այսինքն պետք է օգտագործվեն ճիշտ ցուցանիշներ, որոնք ցույց կտան այդ տարբերությունները։
Սկսում է ամեն ինչ ծննդյան պահից, օրինակ, վերջին տվյալը գրքում հրապարակված 2020-2023թ.-ին է վերաբերվում՝ 11 տղայի համեմատ ծնվում է 1 աղջիկ։ Մենք գիտենք, որ մեր հասարակությունը շատ «տղայամետ» հասարակություն է։ Տարիներ առաջ չափազանց վատ վիճակում էինք և դարձյալ վիճակագրությունը եկավ ահազանգելու, որ մենք շատ սխալ ուղղությամբ ենք գնում։ Երկիրը ձեռնամուխ եղավ այդ իրազեկող աշխատանքները տանել, որ «մի սպանեք դեռ չծնված աղջիկներին»։ Եվ այսօր փոքրիշատե բարելավված վիճակ ունենք։
Հետո արդեն, երբ որ ժողովրդագրական բուրգը նայում ենք, տեսնում ենք տարբեր տարիքային խմբերում ինչպիսին է աղջիկ-տղա համամասնությունը։
Եվ այսպես շղթան գնում է։ Եթե գնում ենք կրթության ոլորտ, օրինակ, մասնագիտական կրթությամբ կանայք ավելի կրթված են, բայց, աշխատաշուկայում ավելի քիչ են։
Նայում ենք ոլորտներով՝ ո՞ր ոլորտներում են կանայք գերակշռում, տեսնում ենք, որ բավականին մեծ անհամամասնություններ կան։ Ինչո՞ւ է այդպես․ արդեն իհարկե ոչ վիճակագիրների, այլ տվյալների վերլուծողների խնդիրների շրջանակն է։ «Խոսեցնել» բոլոր տվյալները, վերլուծել և հասկանալ՝ որտեղի՞ց են խնդիրների արմատները և ի՞նչ միջոցառումներ կարելի է իրականացնել։




