ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հանրություն-բիզնես փոխադարձ հարգանք․ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպայի խորհրդի ծրագիրը կիրառող 22-րդ երկիր

Ինչպե՞ս պաշտպանել հասարակության, բիզնեսի և պետության՝ իրարից տարբերվող շահերը․ Եվրոպայում կարգավորման նման փորձ արվում է Եվրոպայի խորհրդի գործիքակազմով։ Հաշվի են առնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ՄԱԿ-ի ուղեցույցի սկզբունքները։ Փորձը Հայաստան տեղափոխելու համար Երևանում կազմակերպվել է համաժողով։

Գերմանիայից մինչև Միացյալ Թագավորություն՝ 21 երկրում կիրառվում է հասարակության, բիզնեսի և պետության շահերը համատեղելի ու համադրելի դարձնելու գործիքակազմ։ Հայաստանն այդ ուղղությամբ առաջին քայլն է անում․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրավերով այս նպատակով են Երևան եկել միջազգային փորձագետներ։

Բելգիայի Արտաքին գործերի դաշնային ծառայությունից Եվա Նուլենսը նշում է՝ խոսքը պատասխանատու բիզնես վարելու գործիքակազմի մասին է, որով մի կողմից պաշտպանվում են բիզնեսի, մյուս կողմից՝ հանրության շահերը։

«Եթե դուք երկիր եք, որտեղ հիմնականում տեղակայված են օտարերկրյա  բազմաթիվ ընկերություններ, կամ եթե ամենամեծ մասնաբաժինն ունի ՓՄՁ-ն, ազգային գործողությունների ծրագիրը կարող է տարբեր լինել։ Որոշ երկրներ որոշում են կենտրոնանալ շատ կոնկրետ ոլորտների վրա, որոնք կարևոր են իրենց սեփական տնտեսության համար։ Ծրագրի մշակումը սկսելուց առաջ Հայաստանը պետք է դա հաշվի առնի»։

Երևանյան համաժողովի նպատակը գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելն է՝ «Ռադիոլուրին» ասում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Գործարարություն իրականացնող անձինք, կազմակերպությունները, պետք է հարգեն  մարդու իրավունքները։ Այս դիտանկյունից կարևոր է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, աշխատողների իրավունքների պաշտպանությունը, ոլորտում իրավահավասարության երաշխավորումը, բայց պակաս կարևոր չէ գործարարների համար պետության կողմից բարենպաստ միջավայրի ձևավորումը»։

Անահիտ Մանասյանը հիշեցնում է՝ ՄԻՊ գրասենյակը մասնավոր կազմակերպությունների հետ կապված իրավունքների խախտման հարցեր քննարկելու մանդատ չունի։ Օմբուդսմենը, սակայն, բողոքների վիճակագրությանը ծանոթ է։

«Մենք բազում բողոքներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք, ըստ էության, նաև պետական մարմինների գործունեությանն են վերաբերելի, բայց հիմնական հասցեատերը  բիզնես ոլորտի ներկայացուցիչներն են։

Օրինակ,  հանրապետության տարածքում  շենք-շինությունների քանդման աշխատանքները  շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի բացակայության մասին են շատ դեպքերում վկայում։ Կան աշխատողների իրավունքների հետ կապված բազում խախտումներ, հանրային աղմուկի հետ կապված խնդիրները՝ հանրային սննդի օբյեկտներից, ինչը ցույց է տալիս, որ ոլորտում խնդիրները բազմաթիվ են։ Միանշանակ է, որ պետք է կարողանանք դրանք պատշաճ հասցեավորել»։

Գործարար հատվածը պետք է սոցիալապես պատասխանատու լինի, բայց նաև ոչ պակաս պաշտպանված՝ Մարդու իրավունքների պաշտպանն է հավելում։

«Նրանց համար ևս պետությունը պետք է ձևավորի միջավայր՝ իրենց կարիքները հաշվի առնելով հարկային քաղաքականություն մշակելիս, ներդրումային քաղաքականության հետ կապված հարցեր քննարկելիս, բնականաբար այս հարցերը ևս պետք է լինեն ուշադրության կենտրոնում»։  

Եվրոպայի խորհրդի «թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության» ղեկավար Տիգրան Կարապետյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ կառույցն այս պահին լայնամասշտաբ աշխատանք է տանում, որ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքը լինի բիզնես պրակտիկայի մաս։

«Տարբեր պետություններում տարբեր գործողություններ ենք իրականացնում՝ կախված պետության կարիքներից։ «Մարդու իրավունքներ և բիզնես» ազգային գործողությունների պլանի ներդրումը նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարական է։ Հուսով ենք, որ այս միջոցառման արդյունքում քննարկումներն այդ ուղղությամբ նաև Հայաստանի հետ կծավալվեն։ Ցանկացած փոփոխություն պետք է քննարկվի գործընթացի հետ կապ ունեցող կողմերի հետ՝ ներառյալ գործարար աշխարհը, այն սոցիալական խմբերը, որոնց վրա բիզնեսի ազդեցությունն ամենամեծն է։ Ներգրավել ենք Նիդերլանդներից, Բելգիայից ներկայացուցիչների։ Իրենց  փորձը օգտակար է նաև Հայաստանում առաջիկայում գործողութոյւնների պլան մշակելու համար»։

Երկրորդ փուլում Եվրոպայի խորհուրդը Հայաստանի ՄԻՊ գրասենյակի հետ կկազմակերպի հարթակ՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների համար։ Բելգիայում, օրինակ, գործողությունների պլանի մշակման և ներդրման համար պահանջվել է 4 տարի։

Կարդացեք նաև

Back to top button