
«Վերադարձ Հայաստան»-ը «Հրայր Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի ամենակարևոր նախագծերից մեկն է, որ գործում է հայրենադարձների ինտեգրման ոլորտում։ Այն ունի յուրահատուկ առաքելություն՝ Հայաստանում հայտնված սփյուռքահայերին օգնել ինտեգրվել հայրենիքում։
«Շատ կարևոր է մեզ համար, որ առանձնացած միջավայր չստեղծենք, այլ նրանց ինտեգրենք հենց տեղացի հայերի կյանքում»,-բացատրում է Տիա Հակոբջանյանն, ով «Վերադարձ Հայաստան»-ի համայնքային ներգրավվածության մենեջերն է։
Տիա Հակոբջանյանն այն մարդկանցից է, որոնց համար Հայաստանը միշտ տուն է եղել։ Երեք տարեկանում հայրենիքից հեռանալուց, Բելգիայում և Շոտլանդիայում ապրելուց և 13 տարվա աշխատանքային փորձ ձեռք բերելուց հետո, նա վերադարձել է Հայաստան։ Բազմակողմանի փորձ ունի ծրագրերի կառավարման ոլորտներում։
«Ինձ համար առաջին նախապայմանը մարդկանց հանդիպելն է»,-նշում է նա։
«Վերադարձ Հայաստան»-ի ամենապահանջված միջոցառումներից են «Get-2-know» հանդիպումները, որոնք բաց են բոլորի՝ հայրենադարձների, տեղացիների և արտասահմանցիների համար։ Հիմնադրամն օգնում է նաև փաստաթղթային հարցերում՝ ապահովագրության եզակի փաթեթ առաջարկելով և, խորհրդատվություն տրամադրելով՝ քաղաքացիություն ստանալու և իրավական խնդիրները լուծելու գործում։ Այն հայրենադարձներին ուղղորդում է համապատասխան մասնագետների ու կազմակերպությունների հետ հանդիպումներում։
«Շատ կարևոր է Staff.am-ի հետ համագործակցությունը, որը կապում է սփյուռքահայերին և Հայաստանի ընկերություններին։ «Նաիրի» ապահովագրական ընկերության հետ հատուկ փաթեթ ունենք՝ հայրենադարձների և նրանց ընտանիքների համար»,-ավելացնում է Տիան։
Հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում համայնքային ներգրավվածությանը և փոքր բիզնեսների աջակցությանը՝ մասնագիտական խորհրդատվական միջոցառումներ անցկացնելով։

«Վերադարձ Հայաստան»-ը կազմակերպում է նաև «Engage Armenia» ֆորումներ տարբեր երկրներում՝ ցույց տալու սփյուռքահայերին, թե ինչպես կարող են կապ հաստատել Հայաստանի հետ՝ հաճախ առանց ֆիզիկապես տեղափոխվելու։
Տիա Հակոբջանյանը չի բացառում, որ ինտեգրման ճանապարհը յուրահատուկ է յուրաքանչյուրի համար։ «Շատ մարդիկ ասում են՝ ‘repat bubble’-ի մեջ ենք հայտնվել ու շատ ենք ուզում դուրս գալ դրանից»։ Այս խնդրի լուծման համար հիմնադրամը ստեղծում է բաց միջավայր, որտեղ բոլոր համայնքները կարող են հանդիպել և շփվել։
«Վերադարձ Հայաստան»-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ մշակելով կրթական ծրագրեր, աջակցելով տարբեր խնդիրների առջև հայտնված հայրենադարձներին՝ խորհրդատվությունների ընդլայնմամբ։ Կազմակերպության միջոցառումների մասին տեղեկատվություն կարելի է գտնել սոցիալական տարբեր հարթակներում։




