
Մեր կիրակին Իսրայելում շաբաթ օրն է։ Ավելին` ուղղադավան հրեաներն այդ օրը ոչ մի գործ, բացարձակ ոչ մի գործ չեն անում։ Դա հարիր չէ ուղղադավան հրեային։ Շենքում, որտեղ ապրում էինք, այդ օրերին վերելակի աշխատանքն այնպես էր ծրագրված, որ յուրաքանչյուր հարկում բացվում և փակվում էր ինքնուրույն․ անգամ կոճակ սեղմելն այդ օրը հարիր չէ։
Մեր այցելության առաջին շաբաթը համընկավ Մեծ պահքի առաջին օրվա հետ։ Հարության տաճարում հաճախ կարելի էր լսել հրեական ողջույնը՝ «Շաբաթ Շալոմ», այսինքն՝ բարի շաբաթ օր։

Հարության տաճարում է գտնվում Աստծո որդու դատա՛րկ գերեզմանը։ Արարողության հերթը հույներինն էր։ Թափորի առջևից քայլում էին թուրքական կարմիր գլխարկներով՝ ֆեսերով, գավազանգը գետնին հարվածող, ուղղորդող ու ճանապարհ բացող մարդիկ։ Մի պահ թվաց, թե սլաքները հետ են պտտվել, և դասագրքերից ինձ ծանոթ Օսմանյան կայսրությունում եմ։ Թափորն անցավ կողքովս, ես մի քանի անգամ ֆոտոխցիկով նկարեցի։ «Օսմանյան կայսրության ժամանակ թուրք զինվորներն այդպես ճանապարհ էին բացում։ Կայսրության անկումից հետո այդ հագուստը կրելու սովորությունը պահպանվել է՝ որպես ստատուս քվոի մաս», -ավելի ուշ ինձ բացատրում է Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղևոնդ վարդապետը։
«Ոմանք ասում են` Թուրքիայից մարդ են բերում։ Չէ, նրանք թուրք չեն։ Ամեն եկեղեցի, օրինակ՝ հույները, կաթոլիկները, ղպտիները, ասորիները, եթովպացիները եւ մենք, ունենք մեր գործավորները, որոնք վանքի աշխատողներն են։ Մեկը հավաքարար է, մյուսը՝ սպասարկող, իրենց օրերն ունեն։ Երբ ասում են՝ պետք է ղավազ հագնեք, հագնում են։ Նրանց մեջ թե հայաստանցի կա, թե քրիստոնյա, թե մուսուլման»։
Հին քաղաքից տեսանելի է Ժայռի գմբեթը՝ Տաճարի լեռան վրա գտնվող մահմեդական սրբատեղին։ 1920-ականներին բրիտանական մանդատի հոգածության ժամանակ Երուսաղեմ են հրավիրում Քյոթահիայի հայ վարպետների՝ Ohաննիսյան ընտանիքին և նրան աջակցող Քարաքաշյաններին ու Բալյաններին։ Նրանց պատվիրում են այդ տաճարի ոսկեգմբեթի հախճապակիների նորոգությունը։
«Սակայն Ոսկեգմբեթի հոգեւոր առաջնորդները թույլ չեն տալիս նորոգություններ կատարել` պատճառաբանելով, որ քրիստոնյաները չեն կարող իսլամական սրբավայրի վրա աշխատել, նորոգել», — ասում է Հակոբյանց վանքի ձեռագրատան ղեկավար Հայր Արշակը։
Այդուհանդերձ, այս ընտանիքները հաստատվում են Երուսաղեմում, և այժմ քաղաքի տարբեր հատվածներում ու հատկապես հայկական եկեղեցիներում հնարավոր է նկատել նրանց ձեռագիրը։

Իսրայելում բարձրագույն կրոնական եբրայական ուսումնական հաստատությունը կոչվում է Իյեշիվա։ Այս ակադեմիայում սովորող հաբադիստները չեն ծառայում բանակում, ինչն էլ հաճախ հասարակության կողմից միանշանակ չի ընդունվում։ Քաղաքում կրոնական տարբեր խմբերի ներկայացուցիչներին հնարավոր է տարբերակել հագուստի ատրիբուտներով․ հաբադիստներին՝ սև կոստյումով, ցիլինդրով և երկար մորուքով, հասիդիստներին՝ գլխի համեմատ մեծ, ավանդական, տոնական գլխարկներով՝ շտրայմլներով, նաև գանգուր մազերով, որոնք ականջների առջևում են։
Հին քաղաքում զենքով շրջում են նաև իսրայելական բանակի մաս կազմող կանայք։ Կնոջ ու զենքի համադրությունն այստեղ տեղացիների ուշադրությունը չի գրավում։ Սակայն կա մի երևույթ, որ թերևս հետաքրքրական է, թե տեղացիների, թե տուրիստների համար։ Խոսքը Սուրբ երկրում առկա «Երուսաղեմի համախտանիշի» մասին է։ Հոգեկան այս խանգարման դեպքում ուխտավորը կարծում է, թե ինքը մարգարե է և սկսում է համապատասխան վարք դրսևորել, օրինակ՝ քարոզել։ Նման դեպքերում այդ մարդկանց հաճախ հոսպիտալացնում են հոգեբուժարանում։
— Where are you from? Armenia?, Shat lav, shat lav, apreq, apreq, -ասում է վաճառականը ու իր հայերեն բառերով տրամադրում գնումների։
Քաղաքի հայտնի վայրերից մեկն էլ Լացի պատն է (անվանումն առաջացել է Տաճարի կործանումը սգալու ավանդույթից)։ Այն Սողոմոնի տաճարի արևմտյան պատն է։ Տեղացիները հենց այդպես էլ կոչում են՝ Արևմտյան պատ։ Մահվանից առաջ Դավիթ թագավորը Սողոմոնին է փոխանցում ոչ միայն թագավորությունը, այլև տաճարի հատակագիծը։ Իր գահակալության չորրորդ տարում՝ հրեաների Եգիպտոսից դուրս գալուց հետո, Սողոմոնը սկսում է տաճարի շինարարությունը։
Այստեղ աղոթավայրը բաժանված է երկու մասի՝ նախատեսված կանանց և տղամարդկանց համար։ Կանայք նստած կամ կանգնած հպվում են պատին, շշունջով կամ աղեկտուր աղոթում։ Բազմաձայն աղթոքը մեկ գրեթե մարում է, մեկ նոր այցելուներով վեր հառնում։ Սուգն ու աղոթքը միախառնվում են հավատքի բացօթյա տեսարանում։ Գուցե պատն ավելի շատ աղոթք է կլանել, քան կսկիծ, որ ժամանակներին չի հաջողվել տապալել այն։
Իմ հարևանությամբ մի երիտասարդ աղջիկ է կանգնած։ Մատներն այնպիսի նրբանկատությամբ է սահեցնում պատի վրայով, որ թվում է՝ հիմա պատը կդողա։ Բայց չէ, պատը չի դողում, դողում է աղջիկն իր ամբողջ մարմնով։ Տեսնես՝ ի՞նչ է եղել․ պատերա՞զմն է նրա աշխարհ սողոսկել, մա՞հը, թե միայն իրեն լսելի այս մրմունջը անհասցե է։
Պատի անցքերում թղթեր են խցկված․ հիմնականում զբոսաշրջիկներն են ցանկություններ թողնում։ Զբոսաշրջիկները՝ անուրջներ, տեղացիները՝ մրմունջներ։ Պայուսակումս թուղթ կա, գրիչ՝ չկա։ Հոգ չէ, պատի անցքում սպիտակ թուղթ կթողնեմ ու առանց գրության էլ կխնդրեմ մի քիչ լույս անծանոթ աղջկա համար։
Where are you from. Mexico? …. Հին քաղաքում վաճառականը նոր հաճախորդի է մայրենի լեզվով ուռկանը գցում։
Հայկական գերեզմանոցում հանդիպում եմ սկաուտների խմբի, նրանց հետ զրույցի եմ բռնվում և առաջին հարցազրույցը ինձ տանում է տեղի դպրոց։ Սակայն մինչ փոխտեսուչը կգար, մտնում ենք հայկական թանգարան։
Շարունակությունը՝ Դիմանկար 2․ Շարժվող գնացքն ու անշարժ խճանկարը


















