ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հաճախ չես տեսնի Էստոնիայում»․ էստոնացի գրողին տպավորել է հայկական ընտանիքում ծնողի հանդեպ հոգատարությունը

Հայաստանի ազգային գրադարանում մայիսի 27-ին տեղի ունեցավ էստոնացի բանաստեղծ և արձակագիր Կալլե Կասպերի «Հայուհիները» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Մարգե Մարդիսալու-Կահարը Հայաստանում Էստոնիայի դեսպանն է 2024 թվականից։ Նրա համար այդ շնորհանդեսը առաջին հայ-էստոնական մշակութային միջոցառումն է։

Մարգե Մարդիսալու-Կահարը Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն է 2024 թ. հոկտեմբերից։ Նրա նստավայրը Թբիլիսիում է։ Դեսպանն ասում է՝ իր երկրի դեպքում էլ Հայաստանի դեսպանատունը ոչ թե իրենց, այլ Լիտվայի մայրաքաղաքում է։ Դիվանագետը, սակայն, Հայաստան-Էստոնիա կապերն այժմ ավելի ամուր է համարում, քան առաջ։ Նա Երևանում է Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար։ Առիթը Կալլե Կասպերի «Հայուհիները» վիպակ-էսսեի շնորհանդեսն է։

Կալլե Կասպերը մեզ հետ զրույցում պատմում է գիրքը գրելու շարժառիթների մասին։

«Ես 25 տարի ամուսնացած եմ եղել հայ կնոջ հետ։ Կինս՝ Գոհար Մարկոսյան–Կասպերը ցավոք մահացավ տասը տարի առաջ։ Դա կարճ պատմվածք է՝ Գոհարի միջոցով հայ կանանց մասին՝ ընդհանրապես։ Մենք մի տեսակ մտանք միմյանց աշխարհ, նա՝ էստոնական, ես՝ հայկական։ Այն շատ տարբեր էր, որովհետև հայերը շատ հին ժողովուրդ են՝ հնագույն ժամանակներից, իսկ էստոնացիները շատ երիտասարդ ժողովուրդ են, այսինքն՝ ամեն ինչ տարբեր է»։

Էստոնացի գրողի կյանքի ընկերը ծնվել, մեծացել է Երևանում՝ օպերային երգչի և բալետի պարուհու ընտանիքում։ Կալլե Կասպերը, իր իսկ խոսքով, վիպակը նվիրել է սիրելի զոքանչին։

Գրքի հայերեն, անգլերեն և իտալերեն տարբերակների երևանյան շնորհանդեսի ներկաները դա համարձակ գաղափար են համարում։ Պատմվածքի գլխավոր հերոսը հենց գրողի կնոջ մայրն է։ Կալլե Կասպերը տպավորվել է օգնության կարիք ունեցող ամուսնուն աջակցելու կնոջ կամքով։

«Խոսքը հայ հասարակության մեջ դերերի բաշխման մասին է։ Մեր ամուսնությունից հետո իմ աները հայտնվեց հիվանդանոցում, և մենք սկսեցինք գնալ նրա մոտ՝ ուտելիք տանելու։ Դե, մենք Էստոնիայում այդպես չենք անում․ մարդը պառկած է հիվանդանոցում, ունի այն, ինչ հիվանդանոցը տալիս է նրան, և վերջ։ Խոսքը հայրերի մասին  հոգ տանելուն է վերաբերում։ Հասկանո՞ւմ եք, սա ծնողների, հատկապես հոր նկատմամբ հարգանքի տեսակ է։ Սա այնպիսի բան է, որը հաճա՛խ չես տեսնի Էստոնիայում»։

Կալլե Կասպերի կինը, որ մասնագիտությամբ բժիշկ է եղել, ամուսնությունից հետո նույնպես սկսել է գրքեր գրել․ ամուսինը Հայաստանի մասին է գրել, նա էլ՝ Էստոնիայի։ Գոհար Մարկոսյան–Կասպերի «Պենելոպե» վեպը 2016 թ.  թարգմանվել է հայերեն։

«Գոհարի մահից հետո, որը, շատ մեծ հարված էր ինձ համար, վեպ գրեցի նրա հիշատակին։ Վեպը կոչվում է «Հրաշք»։ Այն առաջին անգամ հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի «Զվեզդա» ամսագրում և ստացել «Տարվա լավագույն» մրցանակը։ Այնուհետև այն առաջադրվեց «Ռուսկի բուքեր» մրցանակին, և ուսանողների շրջանում այդ պահին, ​​ ընդհանուր առմամբ, երրորդ ամենատարածված գիրքն էր։ Ցավոք, վեպը հասանելի չէ հայերեն»։

Կալլե Կասպերն ընդունում է, որ էստոնացիները բնավորությամբ համեմատաբար սառն են, ասում է՝ ինքն էլ է այդպիսին։ Էստոներեն հրատարակած «Երեք ճանապարհորդություն» գրքում գրողը պատմում է իր սիրելի երեք ուղղությունների՝ դեպի Հայաստան, Գերմանիա և Իտալիա ճամփորդությունների մասին։

Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը «Ռադիոլուր»–ին պատմում է՝ իր հայրենիքում հիմա էստոնական գրքի 500-ամյակն են նշում, և ինքն ուրախ է, որ իր դիվանագիտական ծառայության առաջին մշակութային միջոցառման հիմքում Հայաստանի մասին էստոնացի գրողի գիրքն է։

«Էստոնիայում գրքի տարի է։ Եվ շատ խորհրդանշական է, որ մենք այժմ ունենք էստոնական գիրք, որ թարգմանվել է հայերեն։ Որովհետև շատ վաղուց էր, որ մենք ունեինք էստոնական գրականության հայերեն թարգմանություններ»։

Դեսպանը նշում է՝ հայ-էստոնական քաղաքական հարաբերությունները պետք է ամրանան մարդկանց միջև հարաբերությունների շնորհիվ, դրան նպաստող հանգամանք է համարում մշակույթը և զբոսաշրջությունը։

Կարդացեք նաև

Back to top button