ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շրիլանկացի հերացիականները հայրենիքում նվիրական գործով կզբաղվեն․էկզոտիկ կղզում բժշկությունը մարդուն օգնելու բարձրագույն ձևն է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում օտարերկրացի ուսանողների թիվն աճում է։ Նրանց հնդիկ դասախոսի համար Հայաստանը 2-րդ հայրենիք է։

Սպիտակ խալաթների տակ՝ էկզոտիկ նախշերով վերնաշապիկներ։ Երևանի պետական բժշկական համալսարանում «Տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն» առարկայի դասաժամն է։ Ուսանողները շրիլանկացի հերացիականներն են։

Հնդկական օվկիանոսի կղզի-պետությունից Հայաստան եկած 11 ուսանողների համար հայոց լեզուն պարտադիր առարկա է։ Նրանք խոստանում են վարժ հայերեն խոսել 2-րդ կուրսից։

«Բարև Ձեզ, իմ անունը Օնարա Հեթիգուլ է, ես սովորում եմ առաջին կուրսում՝ 157 խմբում, ապրում եմ Միքայելյան հանրակացարանում»։

Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում բժշկական ծառայություններն անվճար են, բայց բժիշկների թիվը սահմանափակ է։ Օնարան նպատակ ունի 2030 թ.՝ ուսումն ավարտելուց հետո վերադառնալու հայրենիք։ Կուրսընկերուհին՝ Գինորի Քորոթունգան ասում է՝ իր երկրում բժշկությունը մարդկանց ծառայելու ամենահարգի ձևն է։

«Շրի Լանկայում մարդիկ սիրում են բժիշկներին, կյանքեր փրկելու համար նրանց վերաբերվում են ինչպես աստվածների»։

Սանու Ջայսոմոնան թվարկում է առաջին կուրսի առարկաները՝ լատիներենից մինչև բժշկության պատմություն և անատոմիա։ Ասում է՝ պրակտիկան անցնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։

«Տեսնելով, թե ինչպես են իմ երկրում անվճար բուժօգնության համար մարդիկ սպասում իրենց հերթին, որոշեցի բժիշկ դառնալ։ Ուսում ստանալու համար Հայաստանն ընտրեցի դեռ դպրոցում։ Կվերադառնամ ու կօգնեմ մարդկանց»։

Երևանի պետական բժշկական համալսարանը ճանաչված է Շրի Լանկայի պետական բժշկական խորհրդի կողմից՝ վարժ հայերենով պատմում է «Տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն» առարկայի ազգությամբ հնդիկ դասախոս Ռահուլ Սեթի Անիլին։

«Բժշկական խորհուրդը մեծ ջանքեր են ներդրել, հազարավոր փաստաթղթեր է մեզնից ուզել։ Մենք դա տրամադրել ենք, հետո իրենց մասնագետներն են եկել, ուսումնասիրել և պարզել են, որ Երևանի պետական բժշկական համալսարանն արժանի է իրենց քաղաքացիների ուսումնական պրոցեսը սպասարկելուն։ Դրանից հետո սկսեցինք ընդունել իրենց քաղաքացիներին, և այժմ տեսնում եք, որ մասնակցում են դասերին»։

Ռահուլ Սեթի Անիլին նաև Մխիթար Հերացու անվան պետական համալսարանի Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարն է։ Ասում է՝ այլ երկրներից եկածների համար կրթությունը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Հայերեն և ռուսերեն մատուցվող դասերին մասնակցում են հիմնականում ազգությամբ հայ ռուսաստանցի ուսանողները։

«Հարավասիական երկրներից ունենք ուսանողներ՝ Շրի Լանկա, Հնդկաստան, Ֆիլիպիններ։ Այսօրվա դրությամբ օտարերկրացիների թիվը Երևանի պետական բժշկական համալսարանում կազմում է 2028։ Մենք ունենք Հնդկաստանի 378 քաղաքացի՝ առաջինից վեցերորդ կուրս, 26 կլինարդինատոր և 3 ինտեռն։

Շրի Լանկայից ունենք առաջինից վեցերորդ կուրս՝ 258 հոգի, 1 կլինարդինատոր, և 1-ը՝ նախապատրաստական բաժնում։

Հորդանանից ունենք 208 հոգի՝ առաջինից վեցերորդ կուրս, և 30 ուսանող՝ նախապատրաստական բաժնում»։

Համալսարանում ընդհանուր առմամբ սովորում են 33 երկրների քաղաքացիներ։ Ամենաշատը ասիական երկրներից են․ առաջին տեղում Հնդկաստանն է։ Վերջին 5 տարում օտարերկրացիների թիվն աճում է։ Հնդիկ հերացիականները մասնագիտական հաջողությունների են հասնում նույնիսկ ԱՄՆ բուժհաստատություններում։ Կլինիկական հմտությունները զարգացնող ամբիոնի դասախոս Ռահուլ Սեթի Անիլին ինքն էլ Մխիթար Հերացու անվան համալսարանի շրջանավարտ է։ Կատակում է՝ ուսման տևողության երկար լինելու պատճառով համալսարանն օտարերկրյա բուժհաստատություններից իր ուսանողի մասին գնահատական է ստանում, երբ նա արդեն հայրիկ կամ մայրիկ է, իսկ երեխան հայաստանյան ԲՈՒՀ–ում է սովորում։ Նշում է՝ իր ծննդավայրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Նյու Դելիից մինչև Չեննա ու Բանգալոր, կարելի է հանդիպել Հայաստանում սովորած գոնե մեկ բժշկի։

Կարդացեք նաև

Back to top button