ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արմաշի կայանը Մարսը 1 քայլով մոտեցրեց մարդկությանը․ միջազգային գիտափորձի բացառիկ արդյունքները հայտնի են «Ռադիոլուրին»

Կարմիր մոլորակը «ճանաչելու» նպատակով Հայաստանում անցկացված միջազգային գիտափորձից անցել է 1 տարի։ 2024թ.-ին Արարատի մարզում կառուցված Արմաշ կայանը 1 ամիս ծառայեց որպես Մարսի համանման տեղանքի երկվորյակ կայան։ Մեկուսացած անալոգ տիեզերագնացները մասնակցեցին մի շարք գիտափորձերի։ Առաքելության ղեկավար Գերնոթ Գրոմերը «Ռադիոլուրին» ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները։

Երկիրմոլորակայինների մտքում Կարմիր մոլորակն է։ Մարդու՝ Մարս հասնելու երազանքն իրականություն դարձնելու համար Մայր մոլորակի վրա իրականացվում են գիտափորձեր։

2024թ-ի գլխավոր փորձը՝ AMADEE 24-ը, մարտի 12-ից ապրիլի 5-ը կազմակերպվեց Հայաստանում։ Արարատի մարզի ժայռոտ սարահարթը դարձավ Մարս մոլորակի համանման տեղանքը «զգալու» վայր։ Տարբեր երկրների անալոգ 6 տիեզերագնացներ շուրջ 1 ամիս Արարատի մարզի «Արմաշ» կայանում Մարսի ապագա գաղութարարների դերում էին: Նրանք գիշերում էին շարժական ներքնակների վրա, սնվում բարձր կենսամատչելիությամբ «սուպերֆուդերով», մարսային անկշռելիության զգացողություն հաղորդող սկաֆանդրներով հետևում Վիեննայի կենտրոնակայանից հնչող հրահանգներին: 

«Ավստրիական տիեզերական ֆորումի» ղեկավար Գերնոթ Գրոմերը 1 տարի անց «Ռադիոլուրի» հետ զրույցում արդյունքներն է ամփոփում․

«Ամենաակնառու արդյունքներից մեկը ստացվել է գենետիկայով զբաղվող հայկական հետազոտական ​​խմբի կողմից՝ Սլավոնական համալսարանից։  Գիտենք, որ Միջազգային տիեզերական կայանում երկարատև թռիչքի արդյունքում բջջի ծերացմանը նպաստող ԴՆԹ-ի կոդավորման համար պատասխանատու մասերը սթրեսի հետևանքով փոփոխվում են։ Մենք կարողացանք ապացուցել, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում անգամ 2 շաբաթվա ընթացքում: Սա իսկապես նորություն է, որն ապացուցվեց Մարսի անալոգային հետազոտությունների միջոցով»։

Մեկամսյա մեկուսացման ընթացքում կրկնօրինակվեցին նաև գործողություններ, որոնք տարիներ անց կկատարեն Մարսի վրա առաջինը ոտք դնողները։ Եթե տիեզերագնացների առջև խնդիր դրվի հնարավորինս քիչ բեռով վերադառնալ Մայր մոլորակ, նրանք ստիպված կլինեն հրաժարվել նմուշառման համար վերցրած տարատեսակ ապարներից։

«Այսպիսով, դուք պետք է այդ ապարների որոշակի նախնական մշակում կատարեք Կարմիր մոլորակի վրա։ Երկրաբանության մեջ կա մի քանի ստանդարտ տեխնիկա, որոնցից մեկը դրանց վրա բարակ կտրվածք անելն է: Դա նշանակում է կարծր նյութի վրա բարձր ճշգրտությամբ ներգործել, ինչը երբեք չէր արվել Մարսի անալոգային գիտափորձերում: Մեր փորձի ընթացքում դա հաջողությամբ կատարեցին ոչ թե մարզված երկրաբանները, այլ 15 կգ կշռող արտահագուստով անալոգային տիեզերագնացները»։

2024թ.-ի գիտափորձի ընթացքում Մարս մոլորակի ժայռանման տեղանքի դերում Արմաշի բարձունքն էր, երկիր մոլորակից կապավոր կայանն էլ գտնվում էր Վիեննայում։ Կապը պահելու ընթացքում առաքելության մասնակիցներն առաջին անգամ օգտվեցին վիրտուալ իրականության հնարավորություններից՝ պատմում է ավստրիացի աստղակենսաբանը։

«Մենք թույլտվություն էինք ստացել ում ունենալ Արմաշի տեղանքի թվային մոդելը։ Վիեննայի կենտրոնի կապավորները կարողացան զննել այն վիրտուալ իրականության ակնոցներով։  Նրանք ուղիղ կապով հետևում էին, թե տվյալ պահին որտեղ են ռոբոտատեխնիկան և տիեզերագնացի կոստյումներով մարդիկ»։

Ավստրիական տիեզերական ֆորումի ղեկավար Գերնոթ Գրոմերը հիշեցնում է՝ Մարսի անալոգային առաքելության հայկական կայանը տարածաշրջանում եզակի է, այն Կարմիր մոլորակը մեկ քայլով էլ մոտեցրեց մարդկությանը։

Այս տարվա հոկտեմբերի 13-26-ը կկազմակերպվի «Գլոբալ անալոգ 2025»-ը։ Ծրագիրը կմեկնարկի աշխարհի միաժամանակ 15 կետում՝ անալոգ 300 տիեզերագնացներ կաշխատեն 1 ընդհանուր առաքելության շուրջ։

Համաժամանակյա գիտափորձերին կմասնակցի նաև հայկական կայանը՝ հանդես գալով մարսային երկվորյակ կայանի դերում։

Կարդացեք նաև

Back to top button