Սփյուռքի ձայնը

Սուրբ քաղաքի հայկական սեփականությունը՝ վտանգի տակ. Հարկային սպառնալիք Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը․ «Սփյուռքի ձայնը»

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտնվել է աննախադեպ ճգնաժամի մեջ: Իսրայելի կառավարությունը պահանջում է շուրջ 20 միլիոն շեկել (մոտ 5.5 միլիոն դոլար) հարկավճար՝ «Արնոնա» կոչվող գույքահարկի տեսքով, որը կարող է կործանարար լինել հայկական համայնքի համար:

«Մենք շատ լուրջ վտանգի առջև ենք կանգնած և դարձել էինք ամենաթույլ օղակը երեք քրիստոնեական հարանվանությունների մեջ», — նշում է «Իսրայելահայեր» ամսաթերթի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը՝ շարունակելով․

«Խնդիրն առավել բարդանում է նրանով, որ 2023թ. մայիսից Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կորցրել է իր լեգիտիմությունը Հորդանանի և Պաղեստինի կողմից: Նա այժմ ճանաչվում է միայն Իսրայելի կողմից: Իրավիճակը սրվեց «Կովերի պարտեզի» տխրահռչակ գործարքից հետո, երբ հայկական հողատարածքները փորձ արվեց գաղտնի վաճառել՝ առանց միաբանության համաձայնության: Այս գործարքը բացահայտվելուց հետո, կալվածոց տեսուչ Խաչիկ Երեցյանն արագորեն հեռացվեց և ուղարկվեց ԱՄՆ՝ առանց պատշաճ հետաքննության»:

Հետաքրքրական է, որ Իսրայելի կառավարությունը սկսեց հարկային ճնշումները 2017 թվականից՝ նախ բոլոր քրիստոնեական եկեղեցիների վրա: 2018թ. փետրվարին լարվածությունն այնքան սրվեց, որ Սուրբ Հարության տաճարը երեք օրով փակվեց՝ որպես բողոքի նշան: Միջազգային ճնշումների արդյունքում ստեղծվեց հատուկ հանձնաժողով և հարցը ժամանակավորապես սառեցվեց:

«Հիմա որոշել են առանձին-առանձին հարված հասցնել, և ո՞վ էր ամենաթույլ օղակը: Իհարկե, Հայոց Պատրիարքարանը», — շարունակում է Արտյոմ Չերնամորյանը:

2024թ. փետրվարի 19-ին բոլոր քրիստոնեական հարանվանությունները միասնական դիմեցին Նեթանյահուին՝ քննադատելով նրա «հակաքրիստոնեական քաղաքականությունը» և համերաշխություն հայտնելով Հայոց պատրիարքարանին: «Նշում են, որ պատրիարքության խնդիրների մի մասը պայմանավորված է նրա գաղտնի գործելակերպով: Նույնիսկ միաբանների մի մասը տեղյակ չէր, որ նման գործարք էր կնքվել: Որոշ միաբանների համար սա ուղղակի շոկային էր», — ասում է Չերնամորյանը:

Պատրիարքը նամակով դիմել է Իսրայելի վարչապետին՝ հորդորելով միջամտել և դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները: Սակայն առայժմ անորոշ է, թե ինչ ելք կունենա այս ճգնաժամը, որը սպառնում է հայկական դարավոր ներկայությանը Սուրբ քաղաքում:

Կարդացեք նաև

Back to top button