ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գառնիի անտիկ շրջանի «գեղեցկուհին»՝ աչքերի սուրմայով, փիփերթից՝ մաշկի խնամքի միջոցով և ուլունքապատ քողով

Նախաքրիստոնեական շրջանում Գառնիում մաշկի խնամքի կարևոր դեղաբույս է եղել փիփերթը, ծիսական ճաշակելիքի մեջ էլ օգտագործվել է թարխուն։ Գառնի համայնքի անտիկ շրջանի դամբարանադաշտում հայտնաբերվել են բացառիկ նմուշներ, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ 4-3-րդ դարերով։ Գտածոների մի մասն ուղարկվել է Լեհաստան՝ ժամանակագրական, մյուս մասը՝ Դանիա՝ ոսկրաբանական, երրորդ մասն էլ Վրաստան՝ փոշեհատիկային հետազոտության։

Գառնիի 2 բնակչի 3 տարի առաջ կատարած քայլը այսօր մեզ օգնում է  իմանալու ավելին՝ անտիկ շրջանի «համերկրացիների» մասին։

2022 թ. գարնանը, երբ համայնքում ջրագիծ էր կառուցվում, բնակիչներից մեկը՝ ավտոտնակի դիմաց, մյուսը՝ սեփական բակում, հողը փորելիս գտածոներ բացահայտելով, արգելում են փակել շերտը և այդ մասին տեղեկացնում պատկան մարմիններին։

Հնագետների թիմով՝ Գառնիի հեթանոսական տաճարից մոտ 1 կմ հեռավորության վրա Մորտոյի բլուր կոչվող տեղանք է հասնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Գաբրիելյանը։

«Երվանդ Սուքիասյանն իր ավտոտնակի դիմաց, որտեղ գտել էին թաղումը, թույլ չէր տվել, որ այն փակեն, և դրա շնորհիվ մենք կարողացանք գտնել բացառիկ մի դամբարան։ Պարզվեց, որ կարասային թաղում է, որի մեջ հուղարկավորված են մայր և երեխա, տեղում նաև բացվեց կովի գանգ, որին հպված էր հորթուկի գլուխ։ Անտիկ ժամանակաշրջանի համար գոնե թե կովի առկայությամբ թաղում չի բացահայտվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ հին հասարակություններում կովը շատ մեծ նշանակություն է ունեցել՝ ընտանիք պահող։ Հրաժարվել կովից և զոհաբերել, ես անվանում եմ սա հատուկ ծեսով թաղում»։

Գենետիկ հետազոտության համար Դանիա ուղարկված ոսկրաբանական նյութն առաջիկայում պետք է հաստատի կամ հերքի անտիկ շրջանի 30-40 տարեկան կնոջ և 12-13 տարեկան երախայի ազգակցական կապը։ Մարդկային զոհաբերության հավանականությունը հնագետը բացառում է՝ բռնության հետքեր չկան, և հավելում՝ կինն ու երեխան եղել են հատուկ դիրք ունեցող ընտանիքի անդամ և արժանացել են անդրաշխարհ ուղևորվելու բացառիկ արարողակարգի։

«Երբ ավարտեցինք կարասային առաջին թաղման հետազոտությունը, մի քանի օր հետո մեզ զանգահարեցին և ասացին, որ մեկ ուրիշ բնակիչ, երբ գլխավոր ջրատարից փորձել էր խողովակաշար տանել դեպի իր տուն, փորելու ընթացքում գտել էր քարե սալեր, կարասի և մարդկային ոսկորների բեկորներ։ Գնացինք Արթուր Եղոյանի բակ և հայտնաբերեցինք 1 սալարկղային և 2 կարասային թաղումներ»։

Գառնիի ամրոցից հյուսիս-արևելք ընկած տեղանքում դամբարանադաշտի առկայության մասին  հայտնի է վաղուց։ 1970-80-ականներին այստեղ պեղումներ են կատարվել, հայտնաբերվել է մ․թ․ա 4-րդից մինչև մեր թվարկության 3-րդ դարերով թվագրվող նյութեր։ Հողից գտածոներ հանելը տարիների ընթացքում տարածքում ձևավորված թաղամասի բնակիչների համար դարձել է սովորական երևույթ․ դրան կարևորություն չի տրվել, և պատմական հարուստ շերտն անհետացել է։

Այնուամենայնիվ, Արթուր Եղոյանի քայլը հնագիտական ևս մեկ բացահայտման առիթ է դարձել։ Դրա շնորհիվ կարող ենք պատկերացում կազմել՝ ինչպիսի կենցաղ են ունեցել Գառնիի նախաքրիստոնեական շրջանի բնակիչները։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանն ասում է.

«Ամենահարուստ նյութը տվեց բակում հայտնաբերված քարարկղային թաղումը։ Դամբարանում թաղված է եղել 15-16 տարեկան աղջիկ, և իր հետ դրվել է գույք, որի բաղկացուցիչ մասերն են 3 անոթները 2-ը՝ գլխի մոտ, և 1 սրվակ՝ թիկունքում։ Ձեռքերի վրա հայտնաբերվեց 3 ապարանջան՝ օձագլուխ կամ առյուծագլուխ, իսկ ապարանջաններից մեկը՝ 3 մասի բաժանված, դրված էր նրա հետևում։ Միտումնավոր կերպով կոտրված էր նաև մետաղե մկրատը։ Վերևի հատվածում հայտնաբերվել են ուլունքներ, մեծ մասամբ՝ ապակե, որոնց միջուկը ներդրված է և ունի ոսկե շատ նուրբ թիթեղ»։

Բայց ամենահետաքրքիր բացահայտումների համար համբերություն է պահանջվել։ Հնագետների թիմին զարմացրել է, որ գլխավոր ուլունքաշարից բացի՝ աղջկա վրա կարծես շաղ էին տրված ապակյա շատ ավելի մանր ուլունքներ։ Գլխի և իրանի հետևի հատվածում դրանց կենտրոնացվածությունը դամբարանն ուսումնասիրողների համար ուրվագծել է աղջկա քողի կամ գլխաշորի երբեմնի առկայությունը։

«Սա ենթադրել է տալիս, որ այս մանր ուլունքները զարդարել են իր հագուստի վերնամասը, կամ միգուցե քող է եղել, որովհետև հենց էդպես էլ հայտնաբերվեցին։ Օրգանական նյութերը չեն պահպանվում՝ կաշին, կտորը, բայց հստակ վավերացումը մեզ թույլ է տալիս հետահայաց կերպով վերականգնել որոշակի պատկերներ»։

«Գառնիի գեղեցկուհու» դամբարանի 3 անոթների մեջ առկա հողային զանգվածը փոշեհատիկային տարրալուծության համար ուղարկվել է Վրաստանի ազգային թանգարանի լաբորատորիա։

Տվյալները բավական հետաքրքիր են՝ ասում է Արմինե Գաբրիելյանը։

«Անոթներից մեծը, որը դրված էր գլխի մոտ, պարզվեց, որ մեջը եղել է մսային շիլա, որի բաղադրիչների մեջ եղել է թարխուն։ Տեսեք, միայն հողի անալիզը ինչքան ինֆորմացիա կարող է տալ, պարզվեց նաև, որ այդ անոթը փակված է եղել վուշե սրբիչով կամ կտորով, որը եղել է ներկված, և մենք այստեղ տեսնում ենք կտորի մանր մազիկները»։

Այն, որ սուր համ ու հոտով թարխունը Գառնիի անտիկ շրջանի բնակչուհուն այլ աշխարհ ուղևորվելու համար դրված «ճաշակելիքի» հատուկ համեմունքն է եղել, միակ բացահայտումը չէ։ «Հաջորդ կյանքում» գեղեցկուհուն նաև շպարվել ու հարդարվել էր պետք։

«Մյուս անոթներից մեկը օծանելիքի համար է։ Ըստ հետազոտողի՝ Սոկվալաձեի, մեջը եղել է մաշկի համար նախատեսված դեղ, որի հիմքը փիփերթն է՝ մաշկային հիվանդության դեմ։

Աղջկա 2 կողմերում հայտնաբերվեցին կրաքարին շատ նման ուղղանկյուն երկար գործիքներ, որոնք ունեին առվակոս, և այդ առվակոսի մեջ սև  նյութ էր երևում։ Այդ գործիքներից մեկը ևս ուղարկվեց լաբորատոր հետազոտության, և պարզվեց, որ պարունակությունը եղել է ներկ, բայց կոսմետիկ։ Այսինքն՝ այն եղել է սուրմա և կարող էր օգտագործվել աղջկա շպարման, դիմահարդարման համար»։

Արմինե Գաբրիելյանը ասում է, որ գենետիկ և փոշեհատիկային անալիզներից զատ՝ Գառնիի անտիկ շրջանի թաղումներից 4 նմուշ ուղարկվել է Լեհաստանի Պոզնանի լաբորատորիա՝ ռադիոկարբոնային եղանակով ժամանակագրական հետազոտության։ Դա հնարավոր է դարձել Հայագիտական հետազոտությունների ազգային ընկերության «Վարդանի ասպետներ» հիմնադրամի շնորհիվ։

Պարզվել է, որ հայտնաբերված 4 թաղումներից 3-ը, այդ թվում՝ «Գառնիի երիտասարդ գեղեցկուհու» սալարկղային դամբարանախորշը, թվագրում են մ.թ.ա 3-2-րդ դարերով, կովի և հորթուկի գլխով թաղումը՝ մեր թվարկության 1-ին դարով։ Առաջիկայում կներկայացվի աղջկա դամբարանախորշի եռաչափ մոդելավորմամբ պատկերը, որն արվել է 3D վերակազմող Ռուբեն Սարգսյանի աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button