
Եվրախորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձև։
Բանաձևը խստորեն դատապարտում է ադրբեջանական վարչակարգի ներքին և արտատարածքային բռնաճնշումները ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության առաջնորդների և այլոց, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիների նկատմամբ, որոնք նկատելիորեն ուժեղացել են COP29-ին ընդառաջ։ Պատգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կամայականորեն կալանավորվել կամ բանտարկվել են իրենց քաղաքական հայացքների պատճառով։
Եվրախորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP29-ի անցկացման հետ, կոչ է անում ԵՄ ղեկավարներին, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, օգտագործել COP29-ը՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին։
Եվրախորհրդարանը պնդում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագիրը պետք է պայմանավորված լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, իրավական բարեփոխումների իրականացմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի պատրաստակամությամբ՝ ներգրավվելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։
Այն կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել կախվածությունը Ադրբեջանական գազից և հորդորում է Հանձնաժողովին կասեցնել 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։
Խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և վճռականորեն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի: Այն վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, կոչ է անում Ադրբեջանին պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծում է, որ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ պետք է հաստատվի՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անհատի կամ կազմակերպության նկատմամբ, որը կսպառնա Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Եվրապատգամավորները դատապարտում են ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք Հայաստանի դեմ, ինչպես նաև արտաքին միջամտությունն ու Հայաստանում քաղաքական իրավիճակը ապակայունացնելու փորձերը։ Ավելին, ողջունում են Հայաստանի զինված ուժերին աջակցելու որոշումը և կոչ են անում Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունն էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում, ողջունում են մի քանի անդամ պետությունների կողմից Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու գործողությունները և կոչ են անում անդամ երկրներին դիտարկել նմանատիպ նախաձեռնությունները. ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների նոր թափը, և կոչ են անում Հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման Հայաստանի ցանկությանը։
Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) գործունեությանը և ընդգծում է նրա կարևոր դերը, վերահաստատում է իր մտահոգությունը՝ կապված EUMA-ի դեմ Ադրբեջանից կողմից զրպարտանքի հետ, կոչ է անում EUMA-ին շարունակել ուշադիր հետևել անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին, կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին ուժեղացնել EUMA-ի մանդատը, մեծացնել կազմը և երկարացնել տևողությունը։
Խորհրդարանը աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին և գործողություններին, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկար սպասված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, կոչ է անում Ադրբեջանին գործադրել իրական ջանքեր այդ նպատակով, նախազգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության վրա, ողջունում է Հայաստան-Ադրբեջան 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ, ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների շուրջ համաձայնության, խրախուսում է կողմերին հետագա քայլեր ձեռնարկել մնացած հատվածների վերաբերյալ, կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել տեխնիկական և ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, կոչ է անում անդամ պետություններին սառեցնել բոլոր ռազմական և անվտանգության սարքավորումների արտահանումը Ադրբեջան։
Օրենսդիրները կոչ են անում լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված բոլոր վճիռները, ներառյալ 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճիռը, որը նախատեսում է ժամանակավոր միջոցներ Լեռնային Ղարաբաղից փախած մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձի վերաբերյալ։ Նրանք հիշեցնում են, որ Բաքվում COP29-ի անցկացման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը չի կատարել վերը նշված Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռները, վերահաստատում են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից իրականացված չարաշահումների անկախ հետաքննություն անցկացնելու կոչը, ինչպես նաև հորդորում են ադրբեջանական իշխանություններին՝ թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, անկեղծորեն ներգրավվել նրանց հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ, տալ ամուր երաշխիքներ նրանց իրավունքների պաշտպանության համար, ներառյալ նրանց հողի և սեփականության իրավունքները:
Խորհրդարանը վերահաստատում է իր կոչը ԵՄ կառույցներին և անդամ պետություններին՝ շարունակել օգնություն առաջարկել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ կապված հարցերում, կոչ է անում ԵՄ-ին աջակցության նոր փաթեթ տրամադրել Հայաստանին՝ օգնելու Հայաստանի կառավարությանը լուծել փախստականների մարդասիրական կարիքները, ողջունում է տեղահանված հայերին ապաստան և օգնություն տրամադրելու Հայաստանի կառավարության բոլոր ջանքերը։
Այն խորը մտահոգություն է հայտնում հայ բնակչության զանգվածային արտագաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման առնչությամբ, կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխությունից և փոխարենը կոչ է անում պահպանել, պաշտպանել այս հարուստ բազմազանությունը, պահանջում է պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան, պնդում է, որ Ադրբեջանը թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։
Խորհրդարանը հանձնարարում է իր նախագահին բանաձևը փոխանցել Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին/Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, Ադրբեջանի Հանրապետության նախագահին, կառավարությանը և խորհրդարանին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և խորհրդարանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրենին։




