ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ակադեմիական քաղաքի կառուցման համար Երևանում գործող բուհերի շենքեր կվաճառվե՞ն

Ակադեմիական քաղաքի տրասնպորտային ցանցը կկառուցի իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը. որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ տրանսպորտային ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանը քայլ առ քայլ մտնում է իրագործման փուլ։ Վարչապետը նաև շեշտել է, որ  ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու կամ էլ խիստ սահմանափակված է լինելու։

Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքները ավարտվել են և իրականացման շրջափուլ են մտնում։ Կառավարության որոշմամբ՝ Ակադեմիական քաղաքի տրասնպորտային ցանցը կկառուցի իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը։ Գործադիրը ցանկանում է ուղևորափոխադրման հիմնական միջոց դարձնել երկաթուղին:

Կարևորելով ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության պլանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ նախագծի շրջանակում առաջիկայում կունենանք նաև տրանսպորտի և շարժունության մաստեր պլանը, որը կընդգրկի այն գործողությունները, որոնք ներառելու են հնարավոր բոլոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունը։

«Պլանավորվում է, որ առնվազն 4 տարբեր մոդելներ կմշակվեն, և դրանք նաև հնարավորություն կտան մեզ ճիշտ պլանավորել այն աշխատանքը, որն այս փուլում ենք անում և որը ունենալու ենք վերջում, երբ ակադեմիական քաղաքն ամբողջությամբ կգործի։ Առանձին արդյունք է ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը, ինչը շատ կարևոր է։ Այս առաջադրանքի շրջանակում իրականացվելու է նաև երկաթուղու նախնական տեխնիկատնտեսական վերլուծությունը»։

Ծրագրի իրականացման ժամանակահատվածը պլանավորված է ութ ամիս։ Ակադեմիական քաղաքում տրանսպորտային շարժ կամ ընդհանրապես չի լինելու, կամ շատ սահմանափակ է լինելու՝ նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակադեմիական քաղաքի ներսում ավտոմեքենա ընդհանրապես նախատեսված չէ. դրանք տարածք մուտք կգործեն միայն մատակարարումներ, առաքումներ իրականացնելու համար` հստակ ժամանակային սահմանափակումներով։ Հիմա մենք խնդիր ունենք, որ հանրապետության ցանկացած վայրից հնարավորություն ունենան մարդիկ, առաջինը իրենց ավտոմեքենաներով գալ հասնել Ակադեմիական քաղաքի եզրին հնարավորիս սահուն, քիչ մնան խցանումների մեջ»։

Ըստ վարչապետի՝ քաղաքի շուրջը պետք է լինի շրջանաձև ճանապարհ, որպեսզի մարդիկ մեքենայով գան, հասնեն քաղաքի մոտ, իսկ արդեն ներսում կամ ոտքով, կամ հեծանիվով տեղաշարժվեն, իսկ մի կետից մյուսը կարողանան ոտքով հասնել 15 րոպեում։

«Սա այն քիչ դեպքերից է, երբ ունենք արդյունք, որից անձամբ ես շատ գոհ եմ, որովհետեւ իսկապես Ակադեմիական քաղաք նախագիծը արդեն դարձել է շատ կոնկրետ, տեսանելի և նույնիսկ շոշափելի մի իրողություն։ Առաջիկայում մենք, կարծում եմ, կքննարկենք արդեն իրագործման փուլերը»։

Թեև ավելի վաղ նշվում էր, որ քաղաքի կառուցումը սկսվելու է հանրային նշանակության շենքերից՝ մշակութային կենտրոն, համերգային դահլիճ, գրադարան, չի բացառվում, որ ակադեմիական քաղաքի կառուցումը սկսվի հենց ուսանողական կացարանների հատվածից, սակայն, ինչպես նկատեց վարչապետը, նախ տրանսպորտային հարցը պետք է լուծվի։

«Ի դեպ՝ կառավարության նախորդ նիստերից մեկում մենք ևս մի պայմանագիր ենք կնքել, որը վերաբերում է ընդհանրապես ակադեմիական քաղաքի և բուհական գործող ենթակառուցվածքների հետագա կառավարման հայեցակարգերին և սխեմաներին։ Գաղափարը հետևյալն է, որ բուհական համակարգի որևէ ենթակառուցվածք չպետք է օտարվի և ընդհակառակը, դա պետք է կառավարվի այնպես, որ եկամուտներ բերի առաջին հերթին բուհական համակարգին»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այնուամենայնիվ հորդորեց չբացառել շենքային որոշ միավորների՝ հատուցման միջոց դառնալը։ Ըստ նրա՝ դա նաև հետագա ֆինանսական կառավարման մոդելի և ակադեմիական քաղաքը կառուցելու շահերով է պայմանավորված։

«Նույնիսկ այդպիսի միջազգային տերմինաբանություն կա ֆինանսիստների շրջանում՝ բանալին բանալու դիմաց. այդպես է կոչվում այդ մեխանիզմը։ Դա, իհարկե, վերջում որոշելու հարց է՝ ինչպես վարվել, պահել շենքային ակտիվները և դրանց օգտագործումից ստացված եկամուտներն օգտագործել հետագա նպատակները ֆինանսավորելու համա՞ր, թե՞ շենքային ակտիվների որոշ մասը նույնպես օգտագործել էդ ֆինանսավորման կարիքը լուծելու համար»։

«Այսինքն նկատի ունեք, որ կարող է այնուամենայնիվ լինի կարիք շենքային որոշ հատվածներ օտարե՞լ։ Շատ լավ, բայց ամեն դեպքում եկեք մի բան արձանագրենք, որ ամեն ինչ տեղի է ունենալու բացարձակ թափանցիկության պայմաններում»,-ասաց վարչապետը։

Չբացառելով նման լուծումը՝ վարչապետն ընդգծում է՝ այնուամենայնիվ շենքեր կան, որոնք սիմվոլիկ նշանակություն ունեն և անձեռնմխելի են։ Հավաստիացնում է՝ նման շենքերի օտարումը չի էլ քննարկի։

Կարդացեք նաև

Back to top button