
Իրանի Թաբաս անապատի ածխահանքում գազի արտահոսքի և պայթյունի հետևանքով զոհվել է 51 մարդ։ Ավելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած։
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում։
Հարավային Խորասան նահանգի ճգնաժամային կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով` պայթյունի զոհերի թիվը կարող է աճել։
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ Նա նաև նշել է․ «Արդյունաբերության նախարարի հետ զրույցում ընդգծել եմ, որ այս միջադեպը պետք է դաս դառնա, որպեսզի հանքերում ներդրվեն համապատասխան համակարգեր և կանխվի նման դեպքերի կրկնությունը»։
Դեպքի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։




