Սեպտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-ամյակին:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը և Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաորեսը:

Դեսպան Վիրաբյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ անկախության օրվա խորհրդին, ՀՀ անցած ուղուն, գրանցած հաջողություններին և առկա մարտահրավերներին: Ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի սանձարձակած պատերազմները, էթնիկ զտումն ու Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների խնդիրը: Այս համատեքստում, դեսպան Հ.Վիրաբյանը երախտագիտություն հայտնեց Արգենտինայի արտաքին գերատեսչությանը և «Սպիտակ սաղավարտներիին» ամենադժվարին պահին՝ տեղահանված արցախահայ բնակչությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար:
Մանրակրկիտ ներկայացվեց նաև հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների դինամիկան, համագործակցության հիմնական ուղղությունները, վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված արդյունքները, խոսվեց վերջին շրջանում իրականացված բարձրաստիճան այցելություններից և դրանց արդյունքներից: Ներկայացվեցին դեսպանության առաջիկա նախաձեռնությունները:
Փոխնախարար Սաորեսն, իր հերթին, բարձր գնահատեց հայ-արգենտինյան հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորեց փոխայցելություններն ու դրանց արդյունքները, ընդգծեց Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայ և արգենտինացի հեղինակների կատարումներով հանդես եկավ «Արգենտինական օդանավակայաններ» նվագախումբը՝ դիրիժոր Նեստոր Տեդեսկոյի գլխավորությամբ: Օրհներգները կատարելիս նվագախմբին միացավ սոպրանո Ալլա Ավետիսյանը:
Նախասրահում կազմակերպվել էր հայկական տարազների ցուցադրություն: Միջոցառումը վարեց հայտնի հեռուսատահաղորդավարուհի Մարիա Բելեն Լուդուենյան:
Միջոցառմանը ներկա էին Բունեոս Այրեսի քաղաքի կառավարության ղեկավար Խորխե Մակրին, Սենատի փոխարինող նախագահ, սենատոր Բարտոլոմե Աբդալան, պետական քարտուղարներ, սենատորներ, պատգամավորներ, արգենտինական տարբեր գերտեսչությունների, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, Արգենտինայում գործող տարբեր համայնքային կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ, լրագրողներ, փորձագետներ, ակադեմիական շրջանակների և մշակութային կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:




