ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աղմուկը սրտում, ականջում և օրենքում

Նյութը «Ռադիոլուր»-ի համար պատրաստել են Գոհար Սարգսյանն ու Սոնա Սարգսյանը։

Քարտեզների այսօրվա աղմուկում կան քարտեզներ, որոնց նկատմամբ անվստահությունը պակաս արդիական չէ. դրանք գծում են աղմուկի սահմանները։ Աղմուկի քարտեզագիրների աշխատանքը շատ չի տարբերվում սահմանների քարտեզագիրների աշխատանքից․ այստեղ էլ սահմանազատումն ու սահամանգծումը անաղմուկ չեն անցնում։

Չվստահելով պետական աղմկաչափին

— Մի  նկարի, էս թվերը քեզ ոչ մի բան չեն ասում։
— Չէ, ես պիտի նկարեմ։
— Ուրեմն չափում չեմ անի, եթե պիտի նկարես։ 

Սարո Միրզոյանը 730 գիշեր է՝ չի քնել օդորակիչի ու սառցարանի պատճառով։

«Հիմա էս ապարատն ու էս թվերը, որ չի թույլատրում  նկարեմ, կտանի, համակարգիչ կգցի, համակարգիչը կտա 70, 80 դեցիբել, կներկայացնի տեսչականին նորմայից ցածր»։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի թույլտվությամբ երկու փորձագետները քաղաքացու բողոքի հիման վրա եկել են մթերային խանութ՝ տեխնիկայի առաջացրած աղմուկը չափելու։

«Ես եմ էստեղ քնում, ես եմ էստեղ գիշերն անքուն մնում, ներվերս խանգարում։ Դուք չեք պատկերացնում գիշերները էտ աղմուկի տակ։ Սովորական մարդը ականջով լսում է, բայց իրենց ապարատը  չի լսում»։

Նույն հասցեում աղմուկը չափվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին չափման ժամանակ Սարո Միրզոյանը տանը չի եղել։ Այս անգամ տանն է, բայց աղմկաչափին ու փորձագետներին չի վստահում։ 

Ձայնը՝ սովորական քաղաքացու ականջում․ փախչելով աղմուկից

«Ջրվեժում եմ ապրում, շատ մոտիկ ռեստորաններ կան մեզ մոտ։ Երբ իրենք կանոնները խախտում էին, ասենք՝ հրավառությունների ժամերը, ես, սովորական քաղաքացի լինելով, վեր եմ կացել, գնացել եմ և խոսել իրենց հետ, ասել եմ՝ մի արեք, թե չէ վարչարարության եմ դիմելու»։

Սովորական քաղաքացին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է՝ հանգստության և խաղաղության սիրահար։ Պատրաստ է իր կյանքն ավելի անհարմար դարձնել՝ հանուն աշխարհի՝ մի քիչ ավելի անաղմուկ դառնալու։

«Ճիշտ է, կարող է մարդիկ սիրում  են այդ աժիոտաժը։ Ես անձամբ չեմ սիրում, եթե հնարավորություն ունենամ նույնիսկ փոխելու, էլի կընտրեմ անաղմուկ տեղ, նույնիսկ կարող է Երևանից հեռու, ինչ-որ ուրիշ քաղաք»։

Շատերի համար կյանքի խորհրդանիշ համարվող շարժը, եռուզեռն ու աղմուկը Թորոսյանը քաոս է համարում։ Կարծում է՝ դրանից պետք է ազատվել։

«Էտ նույն մեքենաների բարձր երաժշտությունն է անհասկանալի։ Ինչ-որ հատուկ տեսակի մեքենաներ կան՝ հիմնականում շատ բարձր անճաշակ երաժշտությամբ, ռաբիս ելևէջներով, ռուսերեն տեքստով․․․ Մտնում են ինչ-որ նեղ փողոց, որտեղ խցանում է, չեն կարողանում գնալ առաջ ու միացնում են։ Բոլորը նայում են, ասում են՝ էս ովքեր են սրանք, իրենք դրանից լավ են զգում ոնց հասկանում եմ, մեր ոստիկանությունն էլ ոչ մի բան չի անում դրա դեմ։ Թեև կարող է անել, և պետք է անի»։

Անհատի հարմարավետ ապրելու իրավունքը պետք է լինի գերակա, սակայն այն ստորադասվում է այլ անձանց զվարճանալու իրավունքին։ Թորոսյանը զուսպ է զվարճանում՝ այլոց չխանգարելու համար և չի հասկանում  համակեցության այս պարզ կանոնը չպահպանողներին։

Նրանց թողել է քաղաքի կենտրոնում, ինքը՝ հեռացել ծայրամաս։ Թե կարողանար, ավելի հեռու կգնար։

Ձայնը՝ սովորական քաղաքացու ականջում․ ստեղծելով աղմուկ

Արման Մելքոնյանն իր անփոխարինելի դերն ունի քաղաքային աղմուկի ստեղծման գործում։ Մոտ 10 տարի մոտոցիկլետ է վարում։

«Հավատացեք՝ այդ ձայնը մոտոցիկլետ վարողի համար մի հրաշալի երաժշտություն է»։

Արմանը Mad Nation ռոք խմբի վոկալիստն ու կիթառահարն է։ Այսպիսով ևս իր մի լուման է ունենում կյանքն ավելի աղմկոտ դարձնելու գործում։ Օրը սկսում է մոտոցիկլետով, շարունակում  ռոքով և ավարտում փաբում իր ընտրած բարձր երաժշտության ֆոնին։ Քաղաքի աղմուկը ապահովում է նրա տրամադրությունը, իսկ նա՝ քաղաքի եռուզեռը։

Լուսանկարը՝ Արման Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

«Հյուսիսային պողոտայի կենտրոնում մի փոքրիկ բեմ բերեցինք, ով ինչ տեխնիկա ուներ, բերեցինք, լցրեցինք ու համերգ արեցինք։ Մոտ 450 մարդ հավաքվեց։ Վերջում մի տատիկ, ով ուղղակի անցնում էր, տեսավ՝ աղմուկ ա քաղաքում, կանգնել էր, որ տեսներ՝ ինչ կա։ Մենք էլ՝ ջահել, ճղված շորերով, խառը, կիթառ ջարդելով, բարաբան շուռ տալով․․․ Մի 60-ն անց կին էր, տոպրակներով տեղ էր գնում, ես ֆիքսել էի, որ ինքը կեսից միացել էր մասսային ու մնացել, ամենադիմացն էլ կանգնած էր։ Ու մոտեցավ, ասեց՝ բա հաջորդ համերգը որտե՞ղ կարող ենք լսել, ինձ շատ դուր եկավ»։

Առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է։ Դրանով էլ չի զբաղվում։

«Ինչո՞ւ ոչ ճարտարապետություն, այլ երաժշտություն, որովհետև ինչ-որ պահի գիտակցեցի, որ ցանկացած շինություն ինչ-որ մի օր կարելի է քանդել և մոռանալ դրա մասին, իսկ երաժշտությունը ի՞նչ է։ Մարդիկ երբ հասկացել են, որ լա-լա-լա-ով կամ նա-նա-նա-ով կարելի է ինչ-որ մելոդիա հորինել, դրանից հետո այդ մելոդիան հաստատ ինչ-որ կերպ հասել է մեզ»։

Մարդիկ փորձում են ավելի շատ աղմուկ առաջացնող ավելի լավ տեխնիկա ձեռք բերել, մոտոցիկլետ վարողների համար քաղաքն ավելի ազատ, վարորդները՝ ավելի հանդուրժող են դարձել։ Արմանը գոհ է աղմուկի լեգիտիմացման համար իր գործադրած ջանքից։

Աղմուկն օրենքում

Աղմուկի առաջին քարտեզը Երևանն ունեցել է դեռևս 1976 թվականին։ 

2019-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը գծագրել էր Արման Մելքոնյանի վայելքն ու Արսեն Թորոսյանի անհանգստությունը։ Վերջինն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց՝ կազմվել է Երևանի փոքր կենտրոնի աղմուկի քարտեզը։

Լուսանկարը՝ Արսեն Թորսյանի ֆեյսբուքյան էջից

Մասնագետներն ուսումնասիրել էին Երևանի շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, դրա հիմնական աղբյուրներն ու տեսակները և ստեղծել աղմուկի քարտեզ, որը պետք է հստակ պատկերացում տար մայրաքաղաքի կոնկրետ տարածքներում աղմուկի մակարդակի վերաբերյալ։ 2019-ին սկսված ուսումնասիրությունները նախատեսում էին ավարտել 2021 թվականին՝  ներառելով Երևանի բոլոր համայքները։ Սակայն քարտեզագրման աշխատանքները դադարեցին նախ՝ Քովիդով, ապա 44-օրյա պատերազմով  պայմանավորված։ Առայժմ դրանք չեն վերսկսվել։

Լուսանկարը՝ aravot.am կայքից

2024-ի առաջին 6 ամսում աղմկելու մեղադրանքով 51 վարչական վարույթ է հարուցվել, որոնցից 38-ը՝ քաղաքացիների դիմումների հիման վրա, 13-ը՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ։

Մարդիկ հիմնականում բողոքել են շինարարական աղմուկից, երաժշտությունից, օդորակիչների ձայնից։ Ամենաշատ բողոքները ստացվել են Կենտրոն վարչական շրջանից, ամենաքիչը՝ ծայրամասերից։ Աշխատանքի և տեսչական մարմնի Հիգիենիկ,սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյան․

«Հրազդանի կիրճից են շատ բողոքները, որովհետև էնտեղ երկրաբանական դիրքն այնպիսին է, որ աղմուկի ալիքները ավելի շատ են ներթափանցում բնակարան, ավելի ուժեղացված են տարածվում արձագանքի միջոցով»։

Աղմուկի կանխարգելման քաղաքականությունը մշակում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը, կարգի վերհասկումն իրականացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։

2002-ին Առողջապահության նախարարությունն ընդունել է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» հրամանը, որով նշված վայրերում սահմանվում է աղմուկի թույլատրելի մակարդակը։ Օրինակ՝ աշխատավայրերում աղմուկի թույլատրելի մակարդակը 80 դեցիբելն  է, հիվանդասենյակներում ցերեկային ժամերին 50, իսկ երեկոյան՝ 40 դեցիբելը։ Բնակելի շենքերին հարող տարածքներում թույլատրելի սահմանաչափը 60-ից 70 դեցիբելն է։ 

Վարչական օրենսգրքի 42-րդ հոդվածը գործում է այս սահմանաչափերը խախտողների դեմ։ Առաջին անգամ նախատեսվածից շատ աղմկելու դեպքում մարդը կտուգանվի 40-200 հազար դրամ։

«Մինչև 2024 թվականը մեր տուգանքները բավականին ցածր էին, կարգադրագրի երկրորդ անգամ չկատարելը 80-200 հազար էր, բայց հիմա արդեն 300-400 հազար է»։ 

Սա տեխնիկական վրիպակ չէ։ Դուք իսկապես լսում եք լռություն։

Ջոն Քեյջ։ «Չորս րոպե և երեսուներեք վայրկյան»։ 1952 թ․ Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Կիրիլ Պետրենկոնի կատարմամբ հնչեց երբեք չլռող կյանքի մասին ստեղծագործությունը, որը հնչում է լռության ձայներով։ Սովորական ​​նոտաների փոխարեն շուրջ 4 րոպե դահլիճում լսվում են մարդկանց շշուկները, անհագիստ շարժումները, շնչառությունը։ 

Սա էլ տեխնիկական վրիպակ չէ։ Եթե առաջին անգամ եք լսում Merzbow-ի Woodpecker երգը, հազիվ թե այն հանգստացնող համարեք: Ճապոնացի նոյզ արտիստ Մասամի Ակիտայի ստեղծագործությունը կազմված է ինտենսիվ, կտրուկ և հաճախ անտանելի հնչյուններից: 2019-ին ճապոնացի գիտնականների խումբը բացահայտեց, որ հենց այս երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսի հորմոնների մակարդակը:                

Սա աշխարհ է՝ շատ աղմկոտ կամ անհրաժեշտից լուռ, բայց՝ բոլորի համար։ Չափանիշը միայն օրենքի «ճաշակն է», որին ենթարկվել է պետք՝ մարդկանց 730 գիշեր անքուն չթողնելու կամ, օրինակ,  չտուգանվելու համար։ 

Նյութում հնչում է՝ Mad Nation ռոք խմբի “Badass” երգը։

Կարդացեք նաև

Back to top button