
Գիտության շաբաթ Հայաստանում․ աշնանն առաջին անգամ կազմակերպվող «Գիտության շաբաթը» խորհրդանշելու է գիտության և հասարակության միջև կապը։ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը». այս խորագիրը և՛ այս տարվա թեման է, և՛ այն առանցքային նպատակը, որին ուղղված է լինելու «Գիտության շաբաթ» նախագիծը։

Արման Գասպարյանը գիտության շաբաթ նախաձեռնության միջոցառումների համակարգողն է։ Պատմում է՝ գիտության համազգային շաբաթն առաջին անգամ է կազմակերպվում։ Ինչո՞ւ հասարակությունը կոնտակտի դուրս չի գալիս գիտության ու գիտնականների հետ, մի քանի տարի առաջ գիտության նկատմամբ պահանջի ձևավորման քարոզչություն ընդհանրապես գոյություն չուներ, ասում է նա։ Բայց այժմ՝ հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, հասկանալի է դարձել, որ առանց գիտության առաջընթաց հնարավոր չէ։
«Գիտության շաբաթը» հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:
Դպրոցներն են նախաձեռնությանը միանալու, փաթեթները պատրաստ են՝ ասում է Գասպարյանը։ Պատմում է՝ քայլ առ քայլ ներկայացնում, թե ինչ է պետք անել։ Եթե ուսուցիչը կարողանա ավելի հետաքրքիր մատուցի գիտական նյութը, կազմակերպիչները դեմ չեն լինի։ Բայց ավելի հետաքրքիր չէ՞ր լինի, եթե գիտնականներն իրենք ներկայացնեին իրենց գիտական ուղղությունները․
«Դպրոցները շատ են, գիտնականները՝ քիչ»։

«Գիտության շաբաթ» միջոցառման նախաձեռնությունը «Գիտուժ» նախաձեռնությանն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ։ «Գիտուժ» նախաձեռնության առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է։
Արդյո՞ք Հայաստանում գնահատված են գիտության կարիքները, հստա՞կ է, թե որ ոլորտները ունեն ներդրումների ու առանձնակի ուշադրության կարիք։ Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի կարծիքով՝ համակարգված աշխատանք տարված չէ։ Ավելին` նման խնդիր էլ չկա դրված։




