ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Թատերական տոնին կներգրավվեն նաև դպրոցականները

Թատրոնի համաշխարհային օրվա շրջանակում մարտի 25-31-ը կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրել է, որ այդ օրերին սպասվում է թատերական տոն։ Թատրոնները հանդես կգան իրենց բազմազան ծրագրերով՝ ներգրավելով դպրոցականներին։ Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն էլ խոսել է թատրոնների մասին մայր օրենքից և հայտնել, որ վերջապես ոլորտը կարգավորող օրենք ունենք։

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ թանգարանների ոլորտն ունի իր հիմնական օրենքը, որին երկար են սպասել ոչ միայն գործադիրում, այլև թանգարաններում։ Համոզված են՝ օրենքը կնպաստի մշակութային ժառանգության պահպանությանն ու համակարգված գործունեությունը

Ըստ մշակույթի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի՝ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը ոչ միայն կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, այլև թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային նմուշների և հավաքածուների ժամանակավոր պահպանության և արտահանման գործընթացները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանի և Դանիել Դանիելյանի մամուլի ասուլիսը

«Օրենքով ամրագրվում են լիազոր պետական մարմնի լիազորությունները, թանգարանների աշխատողների իրավունքների և պարտականությունների, թանգարանային կրթության իրավական հիմքերը, ոչ պետական թանգարանների հավատարմագրման իրավակարգավորումները և համայնքային թանգարանների գործունեության սկզբունքները»:

Մայր օրենքից բացի նախարարությունը մեծ հույսեր է կապում նաև նորաստեղծ Մշակութային զարգացման հիմնադրամի հետ։ Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ Հայաստանի մշակութային ժառանգությունը շատ հարուստ է, բայց այդ ժառանգությունը ներկայացնելու համար անհրաժեշտ են նաև արդյունավետ ճանապարհներ։ Հիմնադրամն իր վրա կվերցնի նաև կազմակերպատնտեսական, վարչատնտեսական գործառույթները՝ դրանով աջակցելով թանգարաններին։

«Օրինակ՝ հիմնադրամը կաջակցի մեր թանգարաններին կապիտալ բնույթի գործողություներ իրականացնելիս։ Օրինակ վերանորոգման ժամանակ կզբաղվի կազմակերպական աշխատանքներով և ոչ միայն։ Եթե որևէ թանգարան միջոցառում կազմակերպի, հիմնադրամը կկարողանա իր հմտությունների հաշվին աջակցել ավելի որակով իրականացնել այդ ծրագրերը»։

Հիմնադրամի բյուջեն թանգարաններից կախված չէ, այն առանձին պետական ֆինանսավորում է ստանում։ Փոխնախարարը համոզված է՝ հիմնադրամի շնորհիվ ոլորտում ավելի մեծ արդյունավետություն և հանրահռչակում կարձանագրվի։ Նաև որոշակի բալանսավորում կունենանք, ասում է։

«Մենք ունենք թանգարաններ, արգելոց-թանգարաններ, որոնք Երևանի տարածքից դուրս են։ Բայց դրանք կարող են ունենալ շատ ավելի մեծ թվով այցելուներ, քան Երևանի սրտում գտնվող թանգարանները։ Ես սա խնդիր եմ համարում, որովհետև կարծում եմ, որ մեր բոլոր թանգարաններում գտնվող ժառանգությունը շատ կարևոր է և այցելուների համար հետաքրքրություն է ներկայացնում։ Այսինքն՝ մենք պատշաճ ներկայացման խնդիր ունենք»։

Ի դեպ՝ քանի որ մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է, տոնին ընդառաջ մարտի 25-31-ը կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի՝ համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Փոխնախարար Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ այդ օրերին թատրոնները հանդես կգան իրենց բազմազան ծրագրերով՝ ներգրավելով դպրոցականներին։

«Ամեն թատրոն առաջարկում է իր ծրագիրը, ունենք էքսկուրսիաներ հետնաբեմում, հանդիպումներ արտիստների հետ, ընթերցումներ, վարպետաց դասեր, խաղեր, ներկայացումներ»։

Շաբաթվա ընթացքում, որը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր։ Դանիել Դանիելյանի փախանցմամբ՝ այդ օրերին թատրոնների խաղացանկերը պահպանվելու են և կլինեն նաև առաջնախաղեր։

Կարդացեք նաև

Back to top button