
«Նոր Հայաստան, նոր հայեր»․ սփյուռքահայ «Նաիրի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Անդրանիկ Ծառուկյանի ստեղծագործությունն արդիական կարող էր լինել նաև այսօր»,-ասում է ԱՄՆ-ից հետազոտող լրագրող, «Հայ կյանք» պարբերականի խմբագիր Ափո Չափարյանը։
Ափո Չափարյանը վստահ է, որ այսօր հայկական շրջանակը առավել գործուն է, հարցերը բարձրաձայնելիս՝ առավել համարձակ։
«Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայ մարդուն պակասում է ինքնիշխան լինելու փաստը։ Միայն այս պարագայում հնարավոր է ունենալ գործունեության ու քայլերի անկախություն։ Ժամանակն է, որ օրակարգային վերադասավորումներ լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի գործողություններում»,- ասում է։
Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է երկկողմանի համագործակցություն, ասում է հետազոտող լրագրողն ու ավելացնում, որ այդ ամենը թեև թվում է դժվար, սակայն ոչ անկարելի։
Ափո Չափարյանը նաև անդրադառնում է երեք տասնամյակ գոյություն ունեցող Հայաստան-Սփյուռք համագործակցությանը։ «Չի եղել որևէ համագործակցություն։ Համագործակցության դրականությունը կերևար այն ժամանակ, երբ Սփյուռքը ակտիվորեն կներգաղթեր Հայաստան և մենք այսօր դեմոգրաֆիական խնդիր չէինք ունենա»,- ասում է։ Մենք պետք է մի կողմ դնենք մեր հավակնություններն ու մտածենք սեփական երկրի մասին, եզրափակում է Ափո Չափարյանը։




