
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը Անթալիայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Բանակցությունները տեղի են ունեցել Անթալիայում՝ երկրորդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում, և տևել մոտ կես ժամ։
Քննարկվել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։
Մևլութ Չավուշօղլուն բանակցություններն անվանել է «շատ կառուցողական և արդյունավետ»։
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև քայլերը դրական են ընկալվում նաև Ադրբեջանի կողմից։ Բաքուն աջակցում է այս գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»,- ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները նախկինում երկու հանդիպում են անցկացրել հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը առանց նախապայմանների։
Հայկական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Երևանը վճռական է Հարավային Կովկասում խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերի հարցում։
«Դիվանագիտության վերակառուցում» կարգախոսով ֆորումը մարտի 11-ից 13-ը ընթանում է Անթալիայի Բելեկ քաղաքում:
Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին մասնակցում են 17 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 80 նախարար, 39 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։




