ԿարևորՎերլուծական

Ո՞վ է ՄԱԿ-ի ԱԽ-ում կասեցրել 44-օրյա պատերազմի ժամանակ բանաձևի ընդունումը․ ՄԱԿ փորձագետը սպասում է պատասխանի

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Արցախի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը անիմաստ է համարում  նամակը, քանի որ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՄԽ-ի համանախագահող երկրներըչկարողացան ազդել ռազմական գործողությունների վրա։ ՄԱԿ-ի ազգային փորձագետը մինչդեռ ողջունում է նախաձեռնությունը և սպասում պատասխանի՝  թե ով է կասեցրել  44-օրյա պատերազմի օրերին ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստը։

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով», ՄԱԿ- ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչին նամակով տեղեկացրել է կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչ Մհեր Մարգարյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։ Նա նշել է նաև, թե Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Նամակը ներկայացվել  է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ, -ասվում է հաղորդագրությունում: Մինչ այն կհրապարակվի ՄԱԿ-ի ԱԽ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ, ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը ողջունում է նախաձեռնությունը․

«Կարծում եմ՝ ճիշտ ժամանակին արված քայլ է և ցույց է տալիս իշխանությունների պրոակտիվ դիրքորոշումը։ Խոսքը ինֆորմացիոն բնույթ կրող նամակի մասին է և ոչ ԱԽ-ի պաշտոնական դիմումի։ Սա տեղյակ կպահի ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին ՀՀ շուրջ ընթացող գործընթացների մասին»։

Արցախի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը մինչդեռ անիմաստ է համարում նախաձեռնությունը, նրա կարծիքով կարիք չկա ՄԱԿ-ի ԱԽ-ին նամակ գրել։ Այն, ինչ հայտարարում է ՄԽ-ը, բավարար է ըստ նրա, քանի որ ՄԽ-ի համանախագահող երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երեք հիմնական երկրներն են․

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ավելի արդյունավետ է հարցերը քննարկել Ադրբեջանի հետ։ Այսինքն, ՀՀ և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց որպես անկախ պետություններ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հուշագիր են ստորագրում՝ ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում։ Ապառազմականացնում են Հայստանի ու Ադրբեջանի  միջև շփման գիծը և անցնում են սահմանազատման ու սահմանագծման երկարատև աշխատանքին»։

Վահրամ Աթանեսյանը հանրությանը մոլորեցնող, ապակողմորոշող  որակեց տարիներ հնչող այն հայտարարությունները, թե իբր ՄԽ-ը թույլ չի տա ուժի կիրառում, թե Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ՄԽ-ի դիրքորոշմանը․

«44-օրյա պատերազմը ապացուցեց, որ ՄԽ-ի որևէ պետություն չի խոչընդոտել պատերազմի վերսկսմանը։ Հիմա ինչ իմաստ կա՝ հասնել ՄԱԿ ու ստանալ այն պատասխանը, ինչ ստացանք ՀԱՊԿ-ից»։

ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի այս նախաձեռնությունը բավարար է համարում և կարիք չի տեսնում, որ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Նա ավելի կարևոր է համարում  նախ պարզելը, թե ով է կասեցրել 44-օրյա պատերազմի ժամանակ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի ԱԽ-ում․

«Մենք մինչ օրս չգիտենք, թե ով է վիժեցրել ՄԱԿ-ի ԱԽ-ում 44-օրյա պատերազմի հետ կապված ԱԽ-ի բանաձևը։ Մինչև հստակ պատկերացում չունենաք, թե ով է այդ վիժեցման հեղինակը, պաշտոնական դիմումի անհրաժեշտություն, կարծում եմ, չկա։ Ես ՀՀ 3 մլն բնակչության նման սպասում եմ պաշտոնական տեղեկատվության այդ ուղղությամբ։ Թե ինչու է վիժեցվել, հասկանալի է։ Պետք է հասկանալ թե ով է արել դա, որպեսզի հստակ իմանանք մեր բարեկամներին ու թշնամիներին»։

2020 թվականի 44-օրյա պատերազմի դեռ վաղ փուլում՝  սեպտեմբերին, ՄԱԿ-ի Ավտանգության խորհուրդը պետք է  դռնփակ արտակարգ նիստ գումարեր և անդրադառնար արցախյան հակամարտությանը: Նաձեռնողները եվրոպական մի քանի պետություններ էին: Նիստին չպետք է մասնակցեին հակամարտող կողմերի ներկայացուցիչները, քննարկումները պետք է ծավալվեին միայն ՄԱԿ-ի ԱԽ անդամ 15 երկրների ներկայացուցիչների միջև: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Հենց այդ երկրները ունեին որոշումների վրա վետո դնելու իրավունք: Ենթադրվում էր, որ քվեարկության էր դրվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձևի օրինագիծ, ինչը սակայն կասեցվեց, թե ում կողմից՝ մինչև օրս պարզ չէ։

Կարդացեք նաև

Back to top button