
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել գազի սակագների փոփոխության վերաբերյալ։
«Գազպրոմ Արմենիա»-ն իր հայտով առաջարկել էր գազի գինն ավելացնել 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց հասցնելով 165 դոլարի: Արդյունքում հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն: Ըստ ընկերության առաջարկի՝ սպառողների համար պետք է կիրառվեր միասնական մեկ սակագին:
Իսկ հանձնաժողովի աշխատակազմի առաջարկն էր՝ գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց՝ պահպանելով գործող հիմնական սպառողական խմբերը:
Հանձնաժողովի որոշմամբ՝ բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը կմնա անփոփոխ. ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ, շարքային սպառողներինը՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:
139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91 դոլար: Ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:
Գազի նոր սակագինը կսկսի գործել 2020թ-ի հուլիսի 19-ից:




