Տնտեսական

Հայաստան-Պակիստան հարաբերությունների բացակայությունը՝ հայ-հնդկական բարեկամության ֆոնին


Նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Հնդկաստանում էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի  վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով: Սերժ Սարգսյանի այցը բավականին ընդգրկուն էր:

Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, մասնակցել «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին, միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Հակառակ հայ- հնդկական դարավոր եւ զարգացող հարաբերություններին, հարեւան Պակիստանի հետ Հայաստանը ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունի, այլեւ այս երկիրը միջազգային հարթակներում միշտ հանդես է գալիս Հայաստանի դեմ ցանկացած ձեռնարկի օգտին։

Հայ -հնդկական դարավոր բարեկամության եւ հայ-պակիստանյան չձեւավորվող հարաբերությունների մասին է Ռադիոլուրի անդրադարձը:

 

Միջազգային տնտեսական ներուժն այսօր ուղղություն է վերցրել դեպի ասիական երկրներ, ու Հայաստանը, անմասն չմնալով այդ գործընթացներին, որոշակիացրել է իր տնտեսական եւ քաղաքական վեկտորը դեպի Հնդկաստան: Այսօր Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է։ Աշխարհում ՀՆԱ- ի ցուցանիշով Հնդկաստանը զիջում է միայն Չինաստանին եւ ԱՄՆ- ին։

Ինչ հնարավորություն կտա Հայաստան-Հնդկաստան տնտեսա-առեւտրային  եւ քաղաքական գործակցությունը: «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վարենյանը կարծում է, որ երկուստեք համագործակցությունը մեծ հեռանկար կարող է ունենալ, եթե  շեշտադրումը դրվի այնպիսի ճյուղերի զարգացման վրա, որոնք մեծ պոտենցիալ ունեն Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի դիվերսիֆիկացման տեսանկյունից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն:

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի եւ ԵԱՏՄ միջեւ, որի հետ գործակցություն է ցանկանում ունենալ Նյու Դելին:

«Հենց ՌԴ է շահագրգռված տարածաշրջանում Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով՝ ի դեմս ԵԱՏՄ-ի։ Շահագրգռված է, որ մի շարք տնտեսապես զարգացող երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, փորձեն ներգրավել այդ գործընթացներին: Եվ ՀՀ հնարավորություն  ունենալով՝ կարող է ԵԱՏՄ ներգրավել այլ դերակատարներ»:

Հնդկաստանի հարեւան եւ այս երկրի հետ հակամարտող Պակիստանը նույնպես ցանկություն ունի գործակցելու ԵԱՏՄ- հետ, ինչպես նաեւ ՀԱՊԿ- ում դիտորդի կարգավիճակ ստանալ, որին դեմ է արտահայտվել ՀՀ-ը՝ օգտագործելով իր վետոյի իրավունքը:

Նշենք, որ Հայաստանն ու Պակիստանը ոչ միայն չունեն դիվանագիտական հարաբերություններ, այլեւ Իսլամաբադը միջազգային հարթակներում միշտ հանդես է գալիս Հայաստանի դեմ ցանկացած նախաձեռնության օգտին, Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործընկերներից է։

Մինչ կանդրադառնանք ինչո՞ւ հարցին, Կարեն Վարենյանն առաջարկում է Պակիստան-Հայաստան հարաբերություններում կիրառել փափուկ ուժի սկզբունքը եւ, խաղաքարտ օգտագործելով Եվրասիական միության ընտանիքի անդամի հանգամանքը, երկխոսություն սկսել:

 

Թե ինչո՞ւ չեն կարգավորվում Հայասատան-Պակիստան հարաբերություններ՝ Վերանյանը կարծում է, որ Իսլամաբադը խորքային լուրջ հեռանակար չի տեսնում երկկողմանի շփումների մեջ, իսկ  Ադրբեջանը կրոնական հարցերի շահարկմամբ տրամադրություններ է ձեւավորում այստեղ։

Մենք պետք է աշխատենք երկու ուղղությամբ՝ թե’ Հնդկաստանի, թե’ Պակիստանի, եւ ցանկացած հարաբերություններից օգուտ ունենալ՝ ասում է փորձագետը:

Կարդացեք նաև

Back to top button