ԿարևորՀասարակություն

Երևան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկումը 2-3 տարվա նախագիծ է․ նախարար

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են արագընթաց գնացքի հնարավոր գործարկման հարցը, որը թույլ կտա 9 ժամվա փոխարեն Երևանից Թբիլիսի հասնել 2,5 ժամում։ Ասիական զարգացման բանկի կողմից նախագծի նախնական վերլուծությունը երկու կողմում էլ հավանության է արժանացել։ Մանրամասները դեռևս քննարկման փուլում են․ «Ռադիոլուրին» ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ամփոփելով երկօրյա աշխատանքային այցը Վրաստան։

«Նախնական ուսումնասիրությամբ՝ ներդնելով 400-500 մլն դոլար, եղած երկաթգծերը բարեկարգելով, նաև որոշակի նոր հատվածներ կառուցելով, մենք էապես արագացնելու ենք Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ողևորափոխադրումների ժամանակը՝ այսինք այսօրվա 9-9,5 ժամի փոխարեն կունենանք 2,5 ժամ մոտավորապես։ Դա 2-3 տարվա նախագիծ է»:

Թբիլիսիում քննարկվել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։ Ըստ նախարարի՝ Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ հիմնականում կոնյակի սպիրտ և գինի տարանցիկ տեղափոխման ընթացքում առաջացող խնդիրներն այսուհետ արագ կլուծվեն։

 «Որոշեցինք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը շաբաթական պարբերականությամբ կհանդիպի՝ քննարկելու և լուծելու բոլոր խնդիրները։ Խումբն ամեն ինչ կանի, որպեսզի խոչընդոտներ չառաջանան։ Այսօր կա նման խնդիր, իմ այցի նպատակներից մեկը հենց դա լուծելն էր».

Կանոնավոր լաստանավային ուղու գործարկումը՝ մինչև տարեվերջ

Վրաստանը Հայաստանի համար կարևորագույն տարանցիկ երկիր է, որն ապահովում է Ռուսատանի հետ ցամաքային կապը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով։ Վրաստանի տարածքով, սակայն Լարսին այլընտրանքը հրամայական է․ Լարսը հաճախ է փակվում ձմռանը ձնաբքի, գարնանը՝ հեղեղների ու սողանքների պատճառով՝ ահռելի վնասներ պատճառելով Հայաստանի տնտեսությանը։

«Հիմա Լարսին այլընտրանք երկու տարբերակ է դիտարկվում՝ առաջինը Լարսի դժվարանցանելի հատածում ճանապարհի ու թունելի կառուցումն է (22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ, 5 թունել, խմբ․), որը 2024-ին պատրաստ կլինի, վրացական կողմը այդ ճանապարհի կառուցումն արդեն սկսել է։ Մյուսը դա Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային տարբերակն է, ինչի շուրջ այս պահին քննարկումներ ենք անցկացնում, որպեսզի ապահովենք կանոնավոր լաստանավային ուղու գործարկումը մինչև տարեվերջ։ Այսօրվա դրությամբ լաստանավային ուղղությունը գործարկելը անփոխարինելի հրամայական է Հայաստանի համար»։

Զբոսաշրջություն, գինեգործություն

Երկու երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Ասում է Վահան Քերոբյանը՝ նկատելով, մի շարք համատեղ նախագծեր կան ենթակառուցվածքների, երկաթուղու, էներգետիկայի և  զբոսաշրջության ոլորտներում։

Արագընթաց գնացքի հնարավոր գործարկումը կզարգացնի երկու երկրների զբոսաշրջությունը, երկու երկրները փորձում են նաև ընդլայնել գինեգործական տուրիզմը՝ համատեղ։

«Գինեգործության ոլորտում մենք որոշել ենք միմյանց դիտարկել ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ», ասաց նախարարը։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Մեխուզլան ասաց, որ հայկական կողմից հետաքրքիր առաջարկներ են ստացել․ ժամանակն է երկու հինավուրց երկրները դիտարկել որպես մեկ ընդհանուր ուղղություն, հարուստ գինեգործական փորձով էլ միասին ներկայանալ աշխարհին․

«Գիտականորեն ապացուցված է, որ այս տարածաշրջանը խաղողագործության ու գինեգործության հայրենիքն է, գինեգործությունը հայերի ու վրացիների հազարամյա ավանդույթն է։ Մեր գինիները տարբեր են, սակայն առանձնահատուկ են, քանի որ մենք օգտագործում ենք աբորիգեն տեղական խաղողի սորտերը»։

Երևանում և Թբիլիսիում կարծում են՝ երկու երկրները դեռևս չիրացված մեծ ներուժ ունեն, կարող են նաև շարունակել երկկողմ ապրանքաշրջանառության աճը։ Ի դեպ, այս տարվա  հունվար մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Վրաստան արտահանումն աճել է  17%–ով, Վրաստանից Հայաստան ներմուծումը՝ 38%–ով։

Back to top button