Դպրություն

Երկու հանդերձանք, երկու երդում, երկու մասնագիտություն․ «Դպրություն»

Պատերազմն ու համաճարակն իսկական փորձություն է ապագա բժշկի համար։ Երբեմն հենց ռազմաճակատում է, որ ուսանողից ծնվում է բժիշկը։ Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած այս պատերազմում ևս իրենց կարևոր դերն ունեցան ԵՊԲՀ-ի ուսանողները։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի շրջանավարտ Արայիկ Ղուշչյան․ Պատերազմի ժամանակ կազմակերպում էինք տարբեր բուժհաստատություններից մեր զինվոր ընկերների տարհանումը։ Տարհանման ժամանակ 18 տարեկան մի զինվորի, որի երկու աչքն էլ կուրացել էր, հարցրեցի, թե տանեցիների հետ ե՞րբ ես խոսել, ասաց արդեն մեկ շաբաթ է չի խոսել։ Առաջարկեցի իմ հեռախոսով կապվել ծնողների հետ, ասել, որ ողջ է, թող չանհանգստանան։ Մերժեց։ Չուզեց իմանան, որ վիրավոր է։ Երկար պնդելուց հետո համաձայնեց։ Զանգին պատասխանեց հայրը։ Երբ ասաց, թե՝ Շանթ ջան ձայնդ մի տեսակ է, 18 տարեկան զինվորը պատասխանեց, թե՝ պապ ջան քնած էի, նոր եմ արթնացել․․․։ Եվ այս դեպքն է հուշում, որ երբ երկու աչքը կորցրած զինվորը իրեն այդպես է պահում, մենք պարտավոր ենք լինել ամուր ու կանգուն։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի շրջանավարտ Դավիթ Գեորգյան․ Ինչքան էլ որ պատերազմը հավաքական երևույթ է, յուրաքանչյուր զինվոր իր կռիվն է կռվում։ Շատ կարևոր է լինել զինվորի կողքին ու մեծամասնության աչքերում տեսնել անհագ վրեժի զգացողությունը, երբ զինվորը զգում է, որ ինքը կորուստ է ունեցել։ Հայրենիքը մեր տարեց մայրն է, մենք մեր հայրենիքին պետք է օգնենք, երբ նա կանչում է մեզ, մենք պետք է բուժենք նրա վերքերը։ Երբ զինվորը հասկանում է այս երևույթը՝ նա ուժեղ է թե ոգով, թե ֆիզիկապես։ Ցանկացած պարագայում, երբ զգում ենք, որ միասնական ենք՝ ամեն ինչ ավելի հեշտ է հաղթահարվում։

Պատերազմի ժամանակ վիրավորներին առաջնագծում օգնություն ցույց տալը և այնտեղից դուրս բերելը եղել է կոչմանը հավատարիմ ռազմական բժշկի գլխավոր առաքելությունը, և հանդիսացել է բազմաթիվ կյանքերի փրկության գրավականը: Հայրենիքի հանդեպ և մասնագիտական պարտքը կատարելիս ռազմական բժիշկների և նրանց ուղեկցող անձնակազմի կատարած սխրանքները բազմաթիվ են։ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը շարունակում է կրթել և բուժծառայողների շարքերը համալրել ռազմական բժիշկներով:

Back to top button