ԿարևորՀասարակություն

Աստղադիտարանը 75 տարեկան է․ եթե ֆինանս լինի, Բյուրականում նաև աստղագիտության թանգարան կբացվի

75 տարի առաջ աստղադիտարան կառուցելու համար Վիկտոր Համբարձումյանն ընտրեց Բյուրականը։ Աստղադիտարանի աշխատակազմը պատրաստվում է ամփոփել 75 տարում արվածը մեկ գրքում, որտեղ կլինեն նախկին ու ներկա գիտաշխատողների անունները, նրանց գիտական նվաճումները, աստղադիտարանի պատմությունն առհասարակ։ Նյութերի հավաքագրման աշխատանքները գրեթե ավարտել են,- ասում է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը.

«Մի մեծ նախաձեռնություն էլ կա. ուզում ենք աստղագիտության թանգարան ստեղծել, բայց դեռ ֆինանսներ չունենք: Փոխարենը մի սենյակ հատկացրել ենք, այսպես ասած, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կենտրոնին, որտեղ ներկայացված է Բենիամին Մարգարյանի  լայնածավալ որոնողական-աստղագիտական աշխատանքը: Այն աշխարհում հայտնի է «Մարգարյանի շրջահայություն» անվամբ։ Այն այնքան եզակի արժեք է, որ  ՅՈՒԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների ցանկում է ներառվել։ Զարմանալի է, որ հիմնական ցանկում պատմամշակութային արժեքներ են ներառվում: Մեզ համար սա նվաճում է»,-նշում է Արեգ Միքայելյանը։

Հայաստանում գիտնականների գործունեությունը Արեգ Միքայելյանը բարձր է գնահատում, ասում է՝ Հայաստանի նման տնտեսական ցուցանիշներ ունեցող երկրների շարքում մենք գիտությամբ առաջատար դիրքերում ենք.

«Պետք է որևէ պետություն մեզանից տասը անգամ հզոր լինի, որ կարողանա գիտությամբ գերազանցել, հայերը շատ արդյունավետ են գիտության մեջ: Սա ասում եմ ի հակակշիռ այն հայտարարությունների, թե գիտությունը արդյունավետ չէ: Գիտությունը տնտեսությունից արդյուանվետ է գործում Հայաստանում»,-նշում է Արեգ Միքայելյանը։

Արդյունավետ է գործում՝ անկախ ֆինանսական սուղ միջոցներից, որոնք պետությունը տրամադրվում է գիտությանը,- հավելում է աստղադիտարանի տնօրենը։

Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է գիտնականներին ապահովել պաշտաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտություն երիտասարդների հոսքն ապահովելու համար։

«Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը այսօր միջինում կազմում է 138 հազար դրամ: Հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ մոտավորապես 553 հազար դրամ»,-ասում է Տիգրան Ավինյանը։

Թեպետ գիտաշխատողները աշխատավարձերի բարձրացմանը սպասել են երկար, այս նախագիծն աստղադիտարանի տնօրենը համարում է անհավանական.

«Սա վատ չի, եթե իրականություն դառնա, բայց անհավանական բան է, թեպետ մեկ ամիս հետո պարզ կլինի։ 2025 թվականին 552 հզ է լինելու աշխատավարձը, չգիտեմ, սա որքանով է լուրջ, թե անլուրջ, բայց գոնե թե երբեք չի եղել, որ նման թվեր հայտարարվեն, բայց ես չեմ հավատում, սա ուղղակի անհնար է»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Գիտաշխատողի աշխատավարձը պետք է լինի միջինից բարձր,-ասում է Արեգ Միքայելյանը: Նրա կարծիքով՝ գիտնականը Հայաստանում նվիրյալ է, բայց երիտասարդի համար  ֆինանսը նաև մոտիվացիա է, որ երկիրը չլքի և արտերկրում աշխատանք չփնտրի:  Աստղադիտարանի տնօրեննի խոսքով՝ երիտասարդները հետաքրքրվում են աստղագիտությամբ, ու չնայած դպրոցներում առարկայի առանձին դասագիրք չկա, նրանք  միջազգային օլիմպիադաներից ոսկե մեդալներ են բերում։

Վարդուհի Մկրտչյանը աստղագիտությունը սիրել է դպրոցից: Համալսարանում ընտրեց ֆիզիկոսի մասնագիտությունը, իսկ հիմա դասավանդում է դպրոցում՝ փորձելով աշակերտների մեջ հետաքրքրություն արթնացնել աստղագիտության հանդեպ.

«Աշակերտներիս ուզում եմ ինքս բերել Բյուրականի աստղադիտարան, աստղադիտակների հետ ծանոթացնել, Համբարձումյանի տուն-թանգարանով շրջել, նրանք շատ հետաքրքրված են»,-ասում է Վարդուհին։

Բյուրականի աստղադիտարանի կազմակերպված ծրագրերին 21–ամյա Վարդուհին ակտիվորեն մասնակցում է։ Երիտասարդ աստղագետը որոշել է՝ եթե անգամ արտասահման մեկնի, միևնույն է վերադառնալու է, երազանք ունի.

«Իմ գերնպատակներից մեկը Բյուրականի աստղադիտարանում աշխատելն է, փորձելու եմ ամեն բան անել, որպեսզի հասնեմ նպատակիս»,-ասում է Վարդուհի Մկրտչյանը։

Աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ սեպտեմբերին նախատեսվում է՝ «Աստղագիտությունը միջճյուղային գիտությունների քառուղիներում» խորագրով միջազգային գիտաժողով: Կներկայացվի, թե աստղագիտությունը և տիեզերքի ուսումնասիրությունները ինչպես են կապվում գիտական մյուս ճյուղերին, անգամ հումանիտար, հասարակական գիտություններին: Ամբողջ աշխարհում գիտական ուսումնասիրությունները սկսել են տիեզերքից, և այս միտումը գնալով խորանում է,- ասում է աստղագետը:

Back to top button