
Դեկտեմբերի 13-ի Շուշիի շրջանի Հին Շենի բնակիչները առավոտյան պարզեցին, որ շրջափակման մեջ են։ Ադրբեջանական զինուժն արդեն երկու օր փակել է Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը, այսինքն՝ հայկական կողմին կապող միակ ճանապարհը փակ է։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական զինուժը դրոշներով շարվել է ճանապարհի երկայնքով․
«Գյուղում ելումուտ չկա։ Մոտավորապես 60 բնակիչ կա։ Ռուս խաղաղապահները բանակցում են։ Այստեղ արդեն մտահոգություն է առաջանում, որ կարծես թե ռուսներն էլ գիտեն, որ այս հողերը հանձնվել են»,- ասաց գյուղապետը։
Արցախի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել, և իրենք էլ չգիտեն, թե ինչ անել։
«Կրակոցներ չեն հնչում, բայց ցանկացած պահին հնարավոր է, որ ժողովրդին էլ կոտորեն։ Բնակիչներին չենք կարողանում դուրս բերել։ Զորքին արդեն 3 օր է չենք կարողանում սնունդ հասցնել։ Միակ ճանապարհը փակ է, ադրբեջանական զինուժը չի թողում։ Պայմաններ են դնում, որ էսպես ենք անում, քանի որ վերևից հրաման ունենք։ Եկել ու նագլի ձևով նստել են »,-ասաց գյուղապետը։
Հին Շեն գյուղը նույնպես երեկ կեսօրից հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ։ Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը տեղեկացրեց, որ չնայած ճանապարհը փակ է, բայց գյուղում հանգիստ վիճակ է։ Գյուղապետը դժվարանում է ասել, թե շրջափակված որքան կարող են դիմանալ։
«Արցախի իշխանություններին տեղյակ եմ պահել։ Իրենք գիտեն, թե ինչ քայլեր են ձեռնարկում, ինչ պետք է որոշեն, չեմ կարող ասել։ Պոստերը դրած ա, ճանապարհի ելումուտն էլ՝ փակ։ Մինչև Լաչինի մայրուղին ճանապարհը բաց է եղել մոտ 7 կմ, ձորով եկել են ու այդ ճանապարհը փակել։ Իրանք արդեն երեք օր է, այստեղ են, ճանապարհը փակ է երկու օր»,- ասաց գյուղապետը։
Հին ու Մեծ Շեների համայնքապետերն անորոշության մեջ են։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Շուշիի շրջանի այս երկու գյուղերն պետք է մնային հայկական կողմում։ Նույն անորոշ վիճակն է նաև Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերում։ Դրանք ներառված էին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, բայց այսօր հրապարակված քարտեզի համաձայն՝ երկու գյուղերն այդ գոտում չեն։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Հին Թաղերի համայնքապետ Էդիկ Այվազյանն ասաց, որ իրեն էլ հետաքրքիր, թե ինչու խաղաղապահները հրաժարվեցին Հին Թաղերից և Խծաբերդից։
«Ինչու զինադադարի պայմաններում եկան հարձակվեցին, վիրավորներ տվեցինք, գերիներ վերցրեցին, ռուսը եկավ, փոխանակ կանգնի, տվեց իրենց ու գնաց»։
Էդիկ Այվազյանը զարմացած է՝ 44 օր հայկական ուժերն ու կամավորները այս գյուղերն անառիկ պահեցին, որ թուրքը ոտք չդնի, ու հիմա չեն հասկանում, թե ով ինչ է պայմանավորվել։ Արցախի իշխանությունները մինչ այս պահը որևէ բացատրություն չեն տվել։
« Իսկ շաբաթ օրվա մարտերից հետո վիրավորներին մի կերպ հանել են, գերիների մասով ոչ մի բան չեն արել, տարածքը տվել են թուրքին ու դուրս եկել, իրենց քարտեզից էլ ջնջել։ Մեր գյուղը էնքան հին ա․ ոչ մի անգամ թուրք չի մտել, այսօր մտավ։ Մի գրչի հարվածով ամեն ինչ տվեցին, ու չգիտես ինչի համար»։
ՊԲ տարածած հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 13-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվել էր մտնել Հին Թաղեր գյուղ, մոտենալ Խծաբերդ գյուղին։ Եվ ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել վեց վիրավոր։ Պաշտոնական հայտարարության մեջ գերիների մասին որևէ հիշատակում չկա։




