ԿարևորՀասարակություն

Տեղի հիշողության կամ հիշողության վայրի կորուստը՝ Ֆիրդուսում

Երևանի Ֆիրդուս թաղամասից այս օրերին երկու տեսակի աղմուկ է լսվում՝ տեխնիկայի ու բանվորների աշխատանքի ձայները և այն մարդկանց , որոնք Ֆիրդուսում են՝  թույլ չտալու, որ տեխնիկան շարունակի աշխատել։

19-րդ դարի սև տուֆից մեկհարկանի շենքն արդեն չկա, հիմա «հերթում» աղյուսաշեն երկհարկանի շենքն է։

Գրականագետ Տիգրան Ամիրյանը «Ֆիրդուս.տեղի հիշողությունը» գրքի հեղինակն է։ Ֆիրդուսով զբոսնելով՝ խոսել ենք, թե ինչ է տեղի հիշողությունը, որքանով է քաղաքի համար կարևոր պահպանել իր պատմության ամեն մի անկյունը  ու թե ինչ է լինում դրանց հետ ժամանակի ընթացքում։

Ֆիրդուսում օրեր առաջ քանդված մեկհարկանի շենքից երկու տուն ներքև՝ հանդիպակաց կողմի վրա, աղյուսաշեն երկհարկանի շենք կա՝ առանց տանիքի ու «մեջքի»։ Շենքից մնացել են միայն ֆասադը, պատուհաններն ու ճաղավանդակները։

«Էս տունը քանդեն, իմ տուն էլ կքանդվի։ Մեր պատերն ընդհանուր են»,–ասում է երկհարկանի աղյուսաշեն շինության կողքի անկյունի տանտիրուհին՝ Սրբուհի Սիմոնյանը։

Այստեղ, սակայն, ընդհանուր են ոչ միայն պատերը, բակերն ու թաղը, այլ նաև հիշողությունները։ Դրանք հաճախ կոլեկտիվ են, և մեկի պակասի դեպքում փուլ է գալիս, քանդվում է հիշողության ամբողջ շղթան։ Իսկ ի՞նչ է տեղի հիշողությունը։

Ֆիրդուս.տեղի հիշողություն

«Տեղի հիշողության  կամ հիշողության վայրի մասին խոսելիս միանգամից պետք է մեջբերենք ֆրանսիացի պատմաբան Պիեռ Նորայի տեսությունը»,– պատմում է գրականագետ, «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքի հեղինակ Տիգրան Ամիրյանը։

1984 թվականից Պիեռ Նորան առաջարկում է տեղի հիշողություն հասկացությունը։ Իր տեսությունը Նորան սկսում է այն համոզմունքով, որ հիշողություն այլևս գոյություն չունի։ Այսինքն՝ կա լուրջ խզում մեր առօրյայի և ապագայի միջև։

 Տեղի հիշողության վայրեր են գերեզմանատները, շուկաները, հուշարձանները ու այն անձնական տարածքները, որտեղ ձևավորվում են հիշողությունները։ «Տեղի հիշողությունը ձևավորում է մեր ինքնությունը»,–ասում է Տիգրանը։

2018 թվականին Տիգրանը գործընկերների հետ իրականացնում է հետազոտական նախագիծ, որը  հետո դարձավ համանուն գրքի հիմքը. «Այդ ընթացքում մենք ուսումնասիրում էինք Ֆիրդուս շուկայի նշանակությունը քաղաքի հիշողության համատեքստում, և փորձում էինք վեր հանել հիշողության տարբեր ձևեր, որոնք մենք ֆիքսել էինք դաշտային աշխատանքների ընթացքում Ֆիրդուսի շուկայում ու այդ թաղամասում»։

Այստեղ բոլորի հիշողությունները պատերի պես ընդհանուր են, ու երբ ապամոնտաժվում է ընդհանուրի մի մասը, առաջանում է դատարկություն, որը տարիների ընթացքում կամ չի լցվում, կամ լցվում է անծանոթ մի բանով, որն արդեն խախտում է սահուն կապն անցյալի հետ։

Սկիզբը. ինչի՞ց սկսվեց

Կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 332-Ն որոշմամբ՝  Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ:  2019-ին  ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովում դրվել է քննարկման՝  այդ շենքերը նորահայտ պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ներառելու հարցը, սակայն դրանք մասնագետների կողմից չեն արժևորվել, դրանց հուշարձանի  կարգավիճակ չի տրվել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասում է. «Ներկայիս իշխանությանը մեղադրելն արդարացի չէ, քանի որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացը սկսվել է դեռևս 2014 թվականին»։

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հակադարձում է. «Ֆիրդուսի թաղամասում ցանկացած գործունեություն իրականացնելու համար պետք է լիներ նախարարության համաձայնությունը, որը, սակայն, առկա չէ»:  

Ի՞նչ անել. աղյուսաշեն շենքի փրկության հույսը

Լիլիթ Գիժլարյանի՝ տուն գնալու սիրելի ճանապարհն արդեն աղավաղվել է՝ աղավաղելով նաև իր հիշողությունը։

Ֆիրդուսի դիմացի թաղամասում է ապրում, սիրում է արդեն քանդված սև տուֆից շենքի ու աղյուսաշեն շենքի փողոցով անցել։ Հիմա շենքերից մեկը չկա։

«Անընդհատ զուգահեռներ եմ տանում Հյուսիսային պողոտայի հետ. այնտեղ մեր հիշողության կորուստն է, որ լցվել է մեկ այլ իրականությամբ», – ասում է Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնության անդամ Լիլիթ Գիժլարյանը։

Կարմիր աղյուսից երկհարկանի շենքը հիմա ամենաշատն է վտանգված, որ լքել են արդեն համարյա քսան տարի, քանդել տանիքը, մնացել են միայն ֆասադն ու լուսամուտները՝ իրենց ճաղավանդակներով։

Ներսում  քարեր են թափված. ես աղյուսի մի փոքր կտոր եմ վերցնում, դրանցից, վերցրած Երևանի տարբեր մասերից, ունեմ ևս երեքը։

Վատ սցենարի դեպքում, եթե շենքը քանդեն, քարն ինձ այս շենքից հիշատակ կմնա, եթե ամեն ինչ լավ ավարտ ունենա, շենքը վերականգնելիս  ես իմ բաժին քարը կդնեմ մյուսների վրա։

Back to top button