ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսական նոր ծրագրերի ծախսի 30 տոկոսը փոխհատուցելու է կառավարությունը

Գյուղատնտեսությունը զարգացնելու, երիտասարդներին գյուղատնտեսությամբ զբաղվելու և գյուղում պահելու նպատակով կառավարությունն այս տարի մշակել է գյուղոլորտի ծրագրեր, որոնց իրականացման դեպքում կառավարությունը փոխհատուցելու է ծախսերի 30 տոկոսը: Գյուղացիներին առաջարկվում է նաև ցածր տոկոսադրույքով վարկեր և լիզինգային ծրագրեր: Մարզերում ծրագրերի իրականացմանն աջակցում են  գիտության և խորհրդատվության բաժինները

Այս տարի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում  պետական օժանդակության 12 ծրագիր է առաջարկում, որտեղ նախատեսվում է ծախսերի 30 տոկոսի  փոխհատուցում, ինչպես նաև մատչելի վարկեր: Ծրագրերն ուղղված են տոհմային անասանաբուծությանը, խելացի անասնագոմերի, ջերմոցների կառուցմանը, ոռոգման արդիական համակարգի ներդրմանը, ինտենսիվ այգիների հիմնանը և այլ ծրագրերի, որոնք նպաստելու են Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ու գյուղացու աշխատանքի եկամտաբերությանը:

Էկոնոմիկայի  նախարարության  գյուղատնտեսական ծրագրերի մշակման ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար Իռա Փանոսյանն ասում է, որ առաջին ծրագիրը 2020թ-ից նոր մշակված փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների զարգացման համար է.  «Առաջարկվում է ջերմոցների 3 մոդել՝ թունելային՝ 300-600 քմ,  800-3000 քմ՝ հողային հարստացված զանգվածով և 800-3000քմ՝ հիդրոպոնիկ եղանակով ջերմատներ»:

Ջերմատները կառուցվելու են պահանջված չափորոշիչներով, որի դիմաց կառավարությունը սահմանել է ծախսերի փոխհատուցման չափը.

  1. «Թունելային ջերմատուն 300-600 քմ 1 քմ ծախսը 11850 դրամ, 1 քմ 4000 դրամը  կտա կառավարությունը:
  2. Հարստացված հողային զանգվածով 800-3000 քմ՝ 1 քմ ծախսը 24500 դրամ՝ 8000 դրամ,
  3. Հիդրոպոնիկ եղանակով 800-3000քմ՝  1քմ ծախսը 30 000 դրամ՝ 1 քմ համար 10000 դրամ»

Օժանդակության ծրագրերով ատոնություններ են տրվել  սահմանամերձ բնակավայրերին, զինհաշմանդամներին, կոոպերատիվներին, 18-35 տարեկան երիտասարդներին, ագրոլորտի ուսումնական հաստատություններին: Երիտասարդներին տրվող արտոնությունը խրախուսում է նրանց  զբաղվել գյուղատնտեսությամբ և մնալ գյուղում: Գյուղատնտեսության օժանդակության ծրագրերով առաջարկվում է 3-15 մլն դրամ վարկեր` 5 տոկոսով, իսկ կոոպերատիվներին՝ 3 տոկոսով: Ադրբեջանի հետ սահմանակից սոցիալական աջակցությունից օգտվող բնակավայրերի տնտեսվարողներին վարկերը տրամադրվելու են առանց տոկոսի: «Կարող են օգտվել ագրոլիզինգի ծրագրերից, 450 մլն դրամի կարող եք ագրոլիզինգ վերցնել 4 տոկոսով»:

Արմավիրի մարզում առաջարկվող ծրագրերին  մասնակցել ցանկացողներին աջակցելու են  մարզի  գիտության և խորհրդատվության բաժնի խորհրդատուները: Բաժնի պետ Արզուման Տոնոյանն ասում է, որ իրենք ծրագրի մասին իրազեկել են համյանքներին: «Ցանկացողները մասնակցում են դասընթացներին, ստանում են հավաստագրերը և օգտվում են սուբսիդավորվող ծրագրից»:

Արմավիրի մարզի  Գրիբոյեդով համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանը հետաքրքրված է ծրագրով: Գրիբոյեդովում շուրջ 25 հա ջերմոց կա: «Շատ լավ գաղափար է, ինձ շատ դուր եկավ, ֆերմերը կառուցելու է, ծախսը անելու է, ավելի լավ է նոր տեխնոլոգիայով կառուցի, ծախսի մի մասը հետ կստանա, բերքատվությունն էլ ավելի բարձր կլինի, ինքնարժեքը՝ ցածր: Ծրագրի իրականացմամբ գյուղում կավելանա ջերմոցների տարածքը»:

Արգավանդ գյուղում գյուղատնտեսության օժանդակության նոր ծրագրերի մասին դեռ տեղյակ չէին, հետաքրքրվեցին. «Ես անասնագոմ ունեմ, ուզում եմ սարքեմ, ու՞մ դիմեմ»: Անասանագոմը գյուղի նախկին ֆերմայի շենքն է, որի տերը ցանկանում է այս տարի վերակառուցել: Լսելով  նոր ծրագրի մասին որոշեց. «Էս տարի կմասնակցեմ ծրագրին, կվերցնեմ ու կվերջացնեմ»:

Զրուցակիցս ասաց, որ  իր ընկերն արդեն մասնակցել է գյուղաջակցության սուբսիդավորվող ծրագրերին և հարևան Տանձուտ գյուղում ջերմոց է կառուցում: «Դասերի է մասնակցել, դիմել է բանկ, կառուցում է ջերմոց, արդեն վերջացնում է»:

Արգավանդում վարելահողերը փոխակերպվում են պտղի այգիների: Վերջին տարիներին գյուղացիները  պտղից ավելի շատ են եկամուտ ստանում: «Շատ լավ է, որ աջակցում են, գյուղացուն օգնում են, բայց առայժմ ես բան չեմ արել: Այգիներ ունեմ խաղողի, սալորի, դեղձի,  գիլասի,, ծիրանի, նորատունկ են, դեռ բերքի չի»:

Արգավանդցիները հիմնականում անտեղյակ էին կառավարության օժանդակության  ծրագրերից: Նրանցից մեկը նույնպես հետաքրքվեց անասնապահության մասով առաջարկներից. «Գոմ ունեմ, 8 անասուն կապնվում է, ես կարող եմ էդ 8 անասունի համար առնեմ վարկը, հիմա անասուն չունեմ, օրինակ՝ ես էդ 8 անասունով կբավարարվեմ»:

Էկոնոմիկայի  նախարարության  գյուղատնտեսական ծրագրերի պատասխանատու Իռա Փանոսյանը ասում է, որ բոլոր ծրագրերին կարող են ծանոթանալ նախարարության կայք էջի ծրագրերի բաժնից և դիմել մարզային գիտության և խորհրդատվության բաժիններ:

Կարդացեք նաև

Back to top button