Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ:

Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար: Այսօր էլ Ձեր ղեկավարության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր հաստատուն ընթացքը դեպի կայունություն և բարգավաճում:

Կրկին շնորհավորելով այս հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի և Ձեր ամուր ու գեղեցիկ հայկական ընտանիքի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Back to top button