

Ձևավորված ավանդույթի համաձայն` նախագահական նստավայրում այսօր ընդունել են տարվա ընթացքում ուսման մեջ լուրջ հաջողություններ գրանցած աշակերտներին: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի և «Մեղու» հայերենի մրցույթի հաղթող, մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին, ինչպես նաև 2015 թվականի դպրոցականների միջազգային օլիմպիադաների մեդալակիրներին այսօր շնորհավորել է հանրապետության նախագահն ու նրանց հանձնել խրախուսական մրցանակներ։
«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և սիրված դպրոցական մրցույթն է, որն անցկացվում է 63 երկրներում: Մաթեմատիկայի միջազգային այս մրցույթին արդեն յոթերորդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հայաստանը և 5-րդ տարին անընդմեջ՝ Արցախը:
Հայ երեխաներն այս տարի մրցույթում աննախադեպ արդյունք են ցուցաբերել: Ունենք չորս հաղթող , ինչպես նաև 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյուք:
«Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2014 թվականից Հայաստանում անցկացվում է ևս մեկ զանգվածային մրցույթ՝ «Մեղու. Հայերենը բոլորի համար» խորագրով: Մրցույթի արդյունքներով այս տարի հաղթող է ճանաչվել երեք աշակերտ: Լավագույն արդյուք է ցուցաբերել ավելի քան 700 աշակերտ:
Հիշյալ երկու մրցույթներում հաղթած, մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներհը, ինչպես նաև 2015 թվականի դպրոցականների միջազգային օլիմպիադաների մեդալակիրներն այսօր հյուրընկալվել էին նախագահական նստավայրում:
«Մեր պետական բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է բանակին՝ մեր պաշտպանությանն ու կրթությանը: Վստահ եղեք, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայի, որպեսզի դուք ստանաք գիտելիքներ: Գիտելիքը բարիք է և այն պետք է օգտագործվի բարի նպատակներով»,- ընդգծեց նախագահ Սարգսյանը:
Նրա բնորոշմամբ՝ մեր ուժը ոչ թե բնության բարեհաճությամբ տրված օգտակար հանածոներն են, այլև այսպիսի երեխաներն ու երիտասարդները: «Նման երեխաներն են Հայաստանի ապագան և մեր օրերի իրական պարծանքը»,- նախագահի տեսակետն իր խոսքում վերահաստատեց նաև կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Վերջին տարիների կայուն հաղթանակներն ու հաղթանակների աճը միջազգային օլիմպիադաներում, ըստ Աշոտյանի, հերքում է այն թյուր տեսակետը, թե հայ երեխաների հաջողությունները զուտ պատահականության արդյունք էին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին նախագահն առաջարկեց մշակել հայեցակարգ, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը։




