ԿարևորՏնտեսական

Վարդան Բոստանջյան. Մանեւրել է պետք, մեր դրամավարկային քաղաքականությունը չի փրկի

lianaeghiazaryan

Ինչու ենք փոխարժեքի վայրիվերումների մասին խոսելիս միայն Կենտրոնական բանկի անունը տալիս, հիմնական անելիքը կառավարությանն է, ավելի ճիշտ՝ կառավարության ու Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մատնանշել տարածաշրջանում ստեղծված վտանգավոր վիճակից Հայաստանի, իր կարծիքով, ելքի հիմնական ուղին` մանեւրել:

 

Դրամի արժեզրկումն անխուսափելի է, այսօր հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ու շեշտեց` Հայաստանի Կենտրոնական բանկն արհեստականորեն ձգտում է պահպանել փոխարժեքը, ինչը երկար շարունակվել չի կարող:

Հայաստանն ուզում է, թե ոչ, բայց բոլոր արդյունավետ կամ ոչ արդյունավետ կապերը ՌԴ-ի հետ են, ուստի Ռուսաստանում կատարվող իրադարձություններն այսպես թե այնպես ազդելու են Հայաստանի վրա: Ասվածը տարածվում է նաեւ միգրանտների, տրանսֆերտների վրա:

Տարածաշրջանում ընթացող այս վտանգավոր գործընթացների պարագայում, Բոստանջյանի համոզմամբ, Հայաստանը պետք է գնա մանեւրելու ճանապարհով: Փոքր երկրներն այս պահվածքից այն կողմ տարբերակ չունեն: Իսկ վտանգավոր գործընթացները թվարկելիս Բոստանջյանը մատնանշում է ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որոնք ոչ այլ ինչ են, քան համաշխարհային ճգնաժամի ախտանիշեր:

«Հանուն ՌԴ կործանման Արևմուտքն ու ԱՄՆ-ը բարելավեցին հարաբերություններն իրենց վաղեմի թշնամի Իրանի հետ»,- նշեց տնտեսագետն ու շտապեց վստահեցնել` ամեն դեպքում Ռուսաստանը Հայաստանին քաղցած չի թողնի:

Ինչ վերաբերում է Հայաստանի գլխավոր դրամատան ներկայիս քաղաքականությանը, ապա Բոստանջյանը համոզված է` որքան էլ բացասական հետեւանքներ ունենա փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելը, միեւնույն է` Կենտրոնական բանկն այլ տարբերակ չունի, այս կառույցի վրա և Սահմանադրությամբ, և օրենքերով դրված է առաքելություն՝ կուրսը պահպանել, որ դրամն ընդհանապես չոչնչանա ՀՀ-ում:

Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականությունը մշտապես քննադատող տնտեսագետն այս դեպքում հանդուրժողաբար է վերաբերում ԿԲ-ի ինտերվենցիոն գործունեությանը: Բանախոսը չի կիսում Հրանտ Բագրատյանի կարծիքը, թե «ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին»: Նա կոշտ է որակում այս դիտարկումն ու նկատում` հայաստանյան բանկային համակարգն այսօր, իրոք, գտնվում է սարսափելի լարված վիճակում վարկերի վերադարձման, տրամադրման, տոկոսադրույքների սահմանման և այլնի առումով, բայց եթե Կենտրոնական բանկն ինտերվենցիաներն էլ չանի, ընդհանրապես կդադարենք հայկական արժույթ ունենալուց։

Տնտեսությունը խթանելն ակնկալող հայացքը պետք է ոչ թե Կենտրոնական բանկին, այլ կառավարությանն ուղղել, հիմնական անելիքը գործադրինն է: «Գների կայունության համար պատասխանատվություն կրում է Կենտրոնական բանկը: Բայց  բացի դրամավարկային քաղաքականությունից կառավարությունն իրականացնում է հարկաբյուջետային քաղաքականություն. այս երկու չափազանց կարևոր քաղաքականությունները պետք է լինեն համապատասխանեցված: Իսկ այդ համատեղ աշխատանքի արդյունքի մասին խոսում է մեր բանկային համակարգի վատ վիճակը»,- շեշտում է Վարդան Բոստանջյանը:

Back to top button