Միջազգային

Ստարովոյտովան սպանվել է «Տամբովսկի» խմբավորման պատվերով

Ռուսաստանի Պետական դումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն, որը մեղադրվում է պատգամավոր Գալինա Ստարովոյտովային սպանության մեղսակցության մեջ, գործարար Վլադիմիր Բարսուկովին անվանել է քաղաքական գործչի սպանության պատվիրատու, դատարանում հայտարարել է դատախազը։

Գլուշչենկոն մինչդատական համաձայնություն էր կայացրել դատախազության հետ. ընդունել մեղքը, անվանել սպանության պատվիրատոյին։ Դատախազն այսօր նրա համար պահանջել է 13 տարվա ազատազրկում։

Միխայիլ Գլուշչենկոն իր վերջին խոսքում հայտարարել է, որ Ստարովոյտովայի սպանության հրամանն ստացել է «Տամբովսկի» հանցավոր խմբավորման ղեկավարներից Վլադիմիր Բարսուկովից եւ համաձայնել կատարել այն՝ վախենալով իր եւ իր հարազատների կյանքի համար։ Սպանության մոտիվը Ստարովոյտովայի՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարն էր։

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովան սպանվել էր 1998 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ իր տան շքամուտքում։ Ստարովոյտովան հայտնի քաղաքական գործիչ էր՝ լիբերալ շարժման առաջնորդներից մեկը։ Նա 1989 թվականին Խորհրդային Միության ժողովրդական պատգամավոր էր ընտրվել Հայաստանից։

Back to top button