Տնտեսական

Կառավարության «բարեփոխումներն» ու հոսանքի թանկացումը` նոր հարված ՓՄՁ-ներին

lianaeghiazaryan
Ինչպե՞ս է իրականացվելու էլեկտրաէներգիայի սակագնի ավելացած մասի սուբսիդավորումը, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դա բիզնեսի վրա: Այսօր այս թեմայի շուրջ իր դիտարկումները ներկայացնելով Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը շեշտել է` հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները նոր թափով կսկսեն փակվել, իսկ այդ խիստ մտահոգիչ միտումն առանց այն էլ վերջին տարիներին ահագնացող չափերի է հասել` միայն անցյալ տարի 13.500 փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել Հայաստանում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր հերթին հայտարարել է` ԵՏՄ երկրների համեմատ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գինը սարսափելի թանկ է:

 

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշմամբ ՀՀ-ն դարձավ ԱՊՀ տարածքում ամենաթանկ էլեկտրաէներգիա ունեցող երկիրը: Սա, բնականաբար, նշանակում է, որ ապրանքների ինքնարժեքն ավելի բարձր կլինի, քան այլ երկրներում, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ու մի շարք հաշվարկներ ներկայացնում: «Հավելյալ 7 դրամը սպառված էլեկտրաէներգիայի միջին հաշվարկով տարեկան ստացվում է 36 մլրդ դրամ: Այսքան, փաստորեն, ՀՀ քաղաքացիները պետք է ավելի վճարեն ՀԷՑ-ին: Եթե կառավարությունը սուբիդավորում է միայն բնակիչ- բաժանորդներին, դա բյուջեի վրա նստում է 1 մլրդ դրամ, եթե բոլորին է սուբսիդավորում՝ 3 մլրդ դրամ: Կառավարությունն ի սկզբանե խոսք էր տվել բոլոր խավերին սուբսիդավորել, բայց նման միջոցներ չկան: Եթե ակնկալիք կար, որ սուբսիդավորման գումարը կհատկացվի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքից, ապա այստեղ անորոշությունները նոր ուղղություն են ստանում: Նախ Որոտան կասկադի վաճառքի գինը առ այսօր հստակ չէ, խոսվում է 180 մլն դոլարի մասին, բայց այդ գումարն էլ դեռ մասամբ է վճարվել: Բացի այդ` ավելի շատ են այդ գումարով նախատեսված ծախսերը, քան բուն գումարն է:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ իր հաշվարկներն ունի: Եթե հաշվենք էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը՝ գնաճ և այլն, տարեկան շուրջ 100 հազար դրամի ավելի ծախս է կատարելու միջին քաղաքացին: 100 հազար դրամով քաղաքացին կարող էր հանգստանալ, առողջական խնդիր լուծել, տան գույքը թարմացնել, ինչը կխթաներ նաեւ սպառումը: 7 դրամ ավելի վճարելը շատերի համար հացի գին ունի, հոսանքի գնի բարձրացած մասը սուբսիդավորելը շատերին աղ ու հացի պես է պետք,  բայց էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացման պայմաններում կառավարությունը ամսական 24 մլն դոլար պետք է հատկացնի սուբսիդավորման համար, և բնական է, որ գործադիրը չի կարող անընդհատ վճարել այդ գումարը: 24 մլն դոլարն ամսական քիչ փող չէ, կարող էին երկրաշարժի գոտուն հատկացնել՝ հետևանքները վերացնելու համար: Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի վրա հոսանքի թանկացման ազդեցությանը, ապա, Գագիկ Մակարյանի համոզմամբ, մեր օլիգարխներին դա առանձնապես չի սպառնում:

«Քիչ եմ հավատում, որ կլինեն այնպիսի խոշոր բիզնեսներ կամ օլիգարխներ, որոնք կհամաձայնեն իրենց եկամուտները թեկուզ հոսանքի թանկացման պատճառով նվազեցնել: քիչ հավանական է: Իրենք կփորձեն իրենց եկամուտները նույն մակարդակի վրա պահել` օգտագործելով տարբեր տարիֆներ, իրենց կապերը Ազգային ժողովում եւ այլն»:

Էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայաբար իր հետեւանքներն է ունենալու տարբեր ոլորտներում` միանգամից հարվածելով բիզնեսին: Ընդհանուր եկամտաբերության անկման, բնակչության ցածր գնողունակության ու ցածր վճարունակության պայմաններում բիզնեսը չի կարող իր ծախսերը ետ բերել գին բարձրացնելով: Սա էլ նվազեցնում է բիզնեսի եկամտաբերությունը, և փոքր ու միջին բիզնեսը կրկին փակվելու վտանգի առաջ է կանգնում: Միայն անցյալ տարի 13.500 փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել Հայաստանում, էկոնոմիկայի նախարարությունն է խոստովանել, փոխանցում է Մակարյան ու ավելացնում` 53%-անոց հսկա անկում կա առևտրի ոլորտում:

Ավելի մեծ անկում կարող է լինել բիզնեսի վրա բեռի ծանրացումից հետո: Վերջին հարցումների արդյունքներով ՓՄՁ-ների 80%-ից ավելին անբավարար վիճակում է: «Ինչպե՞ս կարող են շարունակել դրանք գոյատևել: Հաջորդ տարի էլ կլսենք, որ շատերն էլի փակվել են: Ինչո՞ւ, որովհետև, որքան էլ զավեշտալի թվա, կառավարությունը բարեփոխումներ է անում»,-ասում է Մակարյանն ու սեփական առաջարկը հնչեցնում` անցում արեւային էներգետիկ համակարգերին: Սա ելք է խոստանում:

Կարդացեք նաև

Back to top button