Քաղաքական

Ինչո՞ւ չեն մկրտում հայրենի հավատքին վերադառնալ ձգտող իսլամացած հայերին

karenghazaryan

Տարածաշրջանային հարցերով փորձագետ- վերլուծաբան Սարգիս  Հացպանյանն այսօր պատմել է, թե «ինչո՞ւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած 1915 թ. բռնի իսլամացված երկու հայուհուն և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդուն»։ Ներկայացրել է Սփյուռքի նախարարության և Մայր Աթոռի միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասներն ու Կ.Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝« Անկարայի ցուցումով ի վնաս հայության կատարած քայլերի բացահայտումն ու վերլուծությունը»։

1915-ից հետո բռնի իսլամացած հայերի սերունդներն իրենց ինքնությանը վերադառնալու ճանապարհին խոչընդոտների են հանդիպում: Վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այդ ամենի մասին խոսեց մկրտության մերժում ստացած 3 հայերի օրինակով: Տիգրանակերտցի Էրդալ Մերջանը նրանցից մեկն է, որ ցանկանում է վերադառնալ իր արմատներին՝ մկրտվել ու վերականգնել իր ազգությունը:

Ասաց, որ շատ վաղ տարիքից է իմացել, որ հայ է, սակայն այն ժամանակ կարծել է, որ հայությունը դա հավատամք է, կրոն, ոչ թե՝ ազգություն. «Ուզում եմ իմ հայրենակիցներին ողջունել: Շատ կուզենայի այս ամբողջը իմ մայրենի լեզվով ասել: Հուզված եմ: Ներողություն եմ խնդրում, որ չեմ տիրապետում հայերենին: Ժամանակին մեզնից շատ բան բռնի վերցվեց եւ ուզում եմ դա ետ վերադարձնել: Սա տատերիս եւ պապերիս վրեժն է: Երբ Հայաստանում տեսնում եմ, որ մարդիկ ժպտում են՝ ուրախանում եմ, որովհետեւ դա նշանակում է, որ ցեղասպանությունից հետո հայը ոտքի է կանգնել ու կարողանում է ժպտալ: Դա ինձ ոգեւորություն եւ հույս է տալիս»:

Սարգիս Հացպանյանը պատմեց, որ իրենք դիմել են Սփյուռքի նախարարությանը, ստացել աջակցության դրական պատասխան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ հնարավոր չէ մկրտություն իրականացնել Հայ առաքելական եկեղեցում: Պարզել են նաեւ, որ պատճառը ոչ թե Հայաստանում է, այլ՝ Կ. Պոլսի պատրիարքարանում. բռնի իսլամացած հայերի՝ ինքնությանը վերադառնալուն խոչընդոտում է պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը:

Սարգիս Հացպանյանը զարմացած է, թե ինչու պիտի Կ. Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը կարողանա ազդեցություն ունենալ Ս. Էջմիածնի վրա:  Անհասկանալի իրավիճակ է, երբ Արեւմտյան Հայաստանի քաղաքացին չի կարողանում իր տատի ու պապի եկեղեցում կնքվել: Նրանց անհրաժեշտ է մկրտության վկայական՝ վերահայացման գործընթացն անցնելու համար:

Սարգիս Հացպանյանի խոսքով՝ Արամ Աթեշյանը կատարում է Թուրքիայի իշխանությունների հրամանը՝ խոչընդոտելով այդ գործընթացին: Արդեն մեկ տարի է մշտական բնակության նպատակով Կ.Պոլսից ՀՀ տեղափոխված Իսահակ Փայլանի կարծիքով՝ պատրիարքի փոխանորդի քայլերը սեփական ամբիցիաների արդյունք են: Նա կարծում է, որ նույն պատճառով հնարավոր չի լինում նոր պատրիարքի ընտրությունը:

Ինչպես Էրդալ Մերջանը, այնպես էլ՝ Իսահակ Փայլանն ասացին, որ ինքնությանը վերադառնալու ճանապարհին ծագող խոչընդոտները իրենց համար ոչինչ են, քանի որ իրենք իրենց համարում են հայ քրիստոնեա։ «100 տարի սպասել ենք, մեկ տարի եւս կսպասենք»,- ասաց տիգրանակերտցի Էրդալը: Սարգիս Հացպանյանի կարծիքով՝ հարցը համազգային է եւ պետք է լուծումներ գտնվեն:

Back to top button