

Հերթական հինգշաբթին` գործադրի հերթական նիստով: Կառավարության շենքի բակում այսօր համեմատաբար հանդարտ է եղել: Վերջին շրջանում նիստերը միշտ ուղեկցվում էին բողոքի ակցիաներով: Այսօր այնտեղ չեն եղել ոչ նաիրիտցիները, որոնց աշխատավարձի պարքտը մարվել է, ոչ ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանց խնդիրների լուծումն էլ ընթացքի մեջ է: Կառավարությունն այսօր շուրջ 5 տասնյակ հարց է քննարկել, դրանցից մի քանիսը` ԵՏՄ-ին անցամակցությամբ պայմանավորված իրավական ակտերի փոփոխություններ, որոշներն էլ` «Ազատ երկնքի» քաղաքականության ենթադրած քայլեր:
Ըստ վիճակագրության՝ տնտեսական ակտիվության աճ է նկատվում
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, ով հայտարարել է` Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանն արձանագրել է տնտեսական ակտիվության 4.2% ցուցանիշ, ընդ որում` աճ արձանագրվել է գրեթե բոլոր ոլորտներում, անգամ տարիներ շարունակ անկում արձանագրող շինարարության մեջ` շուրջ 6 տոկոսով:
Առաջատարը՝ գյուղատնտեսության ոլորտն է` հատկապես բուսաբուծությունը։ Ամենախնդրահարույց ոլորտն էներգետիկան է, բայց այստեղ էլ որոշակի աճ կա: Միևնույն ժամանակ, միջին անվանական աշխատավարձն ավելացել է 10.8%-ով, գնաճը կազմել է 5.1%:
Փոխվարչապետը համադրել է վերջին երկու ցուցանիշն ու շեշտել` բնակչության եկամուտների աճը գնաճից կրկնակի ավելի է: Գնողունակության անկման եւ տրանսֆերտների նվազման պարագայում այս ցուցանիշերը հույս են ներշնչում: Կարևոր է հասարակությանը փոխանցել այս դրական իմպուլսները, ասել է Վաչե Գաբրիելյանն ու նաեւ պատասխանել պարբերաբար հնչող հարցին, թե ինչի հաշվին է գրանցվում տնտեսական աճն, ու ինչու առօրյայում նկատելի չէ այն։
«Ուզում եմ վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի կապված է նրա հետ, որ մասնավոր տրանսֆերների նվազման հետ բնակչության որոշ հատվածի մոտ կա գնողունակության նվազում ու դա անդրադառնում է առաջին հերթին մանրածախ առևտրի վրա։ Քաղաքացիներն առաջինը սա են նկատում։ Սակայն մենք պղնձի գնի անկման պայմաններում ունենք հանքարդյունահանման ծավալների 34%-ի աճ։ Երբ համադրում ենք, տեսնում ենք, որ կա տնտեսական աճ ու տեսնում ենք, որ պահպանվում է աշխատավարձերի դրական դինամիկա»,- ասաց փոխվարչապետը։
Մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների խնդիրները կլուծվեն ռազմավարությամբ
Չնայած տարվա կեսից ավելին արդեն անցել է, բայց այսօր հաստատվեց Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությանը և դրանից բխող 2015-2016 թվականների միջոցառումների ցանկը: 1997 թվականից մինչ օրս պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող շուրջ 300 երեխա: Ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաները հնարավորության դեպքում հանձնվում են սոցիալական ոլորտի կառույցների խնամքին` մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, իսկ հաճախ՝ նրանց ծնողների հսկողությանը:
Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխան կրկին հայտնվում է փողոցում, որովհետև հատկապես անհաշտ և սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները հենց իրենք են երեխային դրդում մուրացկանությամբ զբաղվելուն: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացավ այսպիսով`«նախականխել անչափահասների կողմից իրավախախտումները, համակարգային լուծումներ տալ ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների»:
Ավիաընկերությունները հեռանում են բիզնեսը ճիշտ չկազմակերպելու պատճառով
Կառավարության այսօրվա մի շարք որոշումներ վերաբերում էին օդանավ շահագործողների կողմից Հայաստանի տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվությունների կարգին եւ փոխադրումների հավաստագրմանը: Նիստից հետո Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչով է սա թեթեւացնելու ավիափոխադրողների կյանքը, հատկապես, որ վերջիններս շարունակաբար հեռանում են Հայաստանից:
Որ հեռանում են, դա բիզնեսը ճիշտ չկազմակերպելով է բավատրում Մովսեսյանը, իսկ տեղական ավիափոխադրողի` «Էյր Արմենիա»-ի անհաջող գործունեությունն էլ փոքր ռեսուրսների հետեւանք էր, ասաց: Մովսեսյանն անհեթեթ է համարում հայտարարությունները, թե ավիաընկերությունները հեռանում են, քանի որ Հայաստանում նրանց եկամտից մաս են պահանջում:
Օրենսդրական գիլիոտին՝ 2 մլն եվրոյով
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն այսօր փորձեց պարզաբանել` օրենսդրական ակտերի ավելորդ մասերի խմբագրման, պետություն-բիզնես եւ պետություն-քաղաքացի հարաբերություններում զուր քաշքշուկ առաջացնող իրավական ակտերի կրճատման ուղղությամբ իրենց աշխատանքներն ինչ արդյունք են տվել: 2 մլն եվրո միջազգային կազմակերպություններից ստացված գումար է ուղղվել նպատակին, 130 մլն դրամով էլ կառավարությունն է միացել: Այսպես կոչված գիլյոտինի աշխատանքների ավարտին բիզնես գործընթացներում ընդհանուր առմամբ 40 մլն դոլար կտնտեսվի` շուրջ 48 տոկոս, հուսով է Եղիազարյանը:
Նորակառույց անպիտան գազատարի փոխարեն՝ կկառուցվի նորը
Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Թաթուլ և Արևուտ համայնքների գազամատակարարման հարցն էլ քննարկվեց: Ուշագրավ է, որ առաջին 2 համայնքի համար մի քանի տարի առաջ կառուցվել է գազատար, որը, սակայն, շահագործման համար բացարձակապես պիտանի չի եղել: Գյուղի բնակիչները դեռ տարիներ առաջ ժամանակին կատարել են անհրաժեշտ համաֆինանսավորումը, բայց մինչ օրս դեռ սպասում են գազին: Անբարեխիղճ շինարարների դեմ քրեական գործեր հարուցվել են, բայց դա ոչնչով չի օգնել գործին: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր զեկուցեց` նորակառույց, բայց անպիտան գազատարը թողած` նորից նորն է պետք կառուցել, ու նոր միջոցներ են պետք: «Առաջարկում ենք խողովակաշարի 4,4 կմ հատվածը նվիրաբերել Արագածավան, իսկ 2.5կմ հատվածը՝ Արտենի համայնքներին՝ գույքն օտարելու և օտարումից ստացված ֆինանսական միջոցները նոր կառուցվող գազատարի համաֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով»,- առաջարկեց Վաչե Տերտերյանը։
Ի՞նչ է խանգարում արտաքին քաղաքականությանը
Նիստի ավարտին վարչապետը բոլոր նախարարներին արտգործնախարարի նամակի հիման վրա հորդորեց մամուլին չտրամադրել տեղեկատվություն Հայաստանում տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպումների մասին: Արտաքին քաղաքականությանն է խանգարում, Նալբանդյանի հիմնավորումը փոխանցեց Աբրահամյանը:




