

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանն արձանագրել է տնտեսական ակտիվության 4.2% ցուցանիշ, ընդ որում` աճ արձանագրվել է գրեթե բոլոր ոլորտներում, անգամ տարիներ շարունակ անկում արձանագրող շինարարության մեջ, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Առաջատարը գյուղատնտեսության ոլորտն է` հատկապես բուսաբուծության գծով: Ամենախնդրահարույց ոլորտն էներգետիկան է, բայց այստեղ էլ որոշակի աճ կա: Միևնույն ժամանակ՝ միջին անվանական աշխատավարձն ավելացել է 10.8%-ով, գնաճը կազմել է 5.1%:
Փոխվարչապետը համադրել է վերջին երկու ցուցանիշն ու շեշտել` բնակչության եկամուտների աճը գնաճից կրկնակի ավելի է: Գնողունակության անկման եւ տրանսֆերների նվազման պարագայում այս ցուցանիշերը հույս են ներշնչում, ասել է Վաչե Գաբրիելյանն ու նաեւ պատասխանել պարբերաբար հնչող հարցին, թե ինչի հաշվին է գրանցվում տնտեսական աճն, ու ինչու առօրյայում նկատելի չէ այն։
«Ուզում եմ վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի կապված է նրա հետ, որ մասնավոր տրանսֆերների նվազման հետ բնակչության որոշ հատվածի մոտ կա գնողունակության նվազում ու դա անդրադառնում է առաջին հերթին մանրածախ առևտրի վրա։ Քաղաքացիներն առաջինը սա են նկատում։ Սակայն մենք պղնձի գնի անկման պայմաններում ունենք հանքարդյունահանման ծավալների 34%-ի աճ։ Երբ համադրում ենք, տեսնում ենք, որ կա տնտեսական աճ ու տեսնում ենք, որ պահպանվում է աշխատավարձերի դրական դինամիկա»,- ասել է նա և ընդգծել, որ կարևոր է հասարակությանը փոխանցել այս դրական իմպուլսները։
Վաչե Գաբրիելյան. ՀՀ փոխվարչապետ




