

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այսօրվանից մինչև հոկտեմբերի 1- ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցադրության զուգահեռ կայացել է նաև թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպրոտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրության շնորհանդեսը։ Այս հատորը 2009 թվականին լույս տեսածի լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված նոր հրատարակությունն է։
Օսմանյան կայսրությունում հայկական սպրոտային ու մարմնակրթական ակումբների ու միությունների զարգացման պատմությունն սկսվում է 20-րդ դարի սկզբներից: Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել են առաջին մարմնամարզական խմբակներն ու հայտնի դարձել առաջին հայ մարզիկները:
20-րդ դարի սկզբներին Կ. Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական սպորտային ակումբները: Այս ընթացքում արդեն մարզիկներ Գրիգոր Հակոբյանը, Շավարշ Քրիսյանը, Վահան Չերազը, Մկրտիչ Մկրյանը և այլք օսմանահպատակ հայերի շրջանում մեծ դերակատարություն ունեցան սպրորտի զարգացման ու դրա նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում:
Կայսրության մարզական տարեգրության մեջ ուշագրավ դրվագ է 1912 թվականին Ստոկհոլմի հինգերորդ օլիմպիական խաղերին երկու հայ մարզիկների՝ Վահրամ Փափազյանի և Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը: Եվ հենց այս մարզիկների շնորհիվ Օսմանյան կայսրության դրոշը բարձրացվեց Շվեդիայի մայրաքաղաքում։
Կ.Պոլսի Հայոց պատրիարքի հովանավորությամբ կազմակերպվել են հայկական օլիմպիական խաղեր, որի ավանդույթները մեր օրերում շարունակվում են ի դեմս Համահայկական խաղերի: Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի հարուստ պատմությունն ու ժառանգությունը ևս մեկ անգամ վկայում են կայսրության մեջ հայերի ունեցած առաջատար դերակատարության մասին:
Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ և հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել: Հենց այդ ժամանակների հայկական սպորտի վերելքներն ու հաջողությունները, ինչպես նաև հայկական սպորտի մինչ օրս անհայտ դրվագները ներկայացված են Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրության մեջ, որն այսօր դրվեց ընթերցողի սեղանին:
Գրքի հրատարակման պատճառը մարզիկ Գրգոր Ճոլոլյանի արժեքավոր հավաքածուն է եղել, որը թանգարանին է նվիրել նրա որդին՝ Պատրիս Ճոլոլյանը: Մարզիկ լուսանկարիչ Գրիգոր ճոլոլյանը գրավոր և լուսանկարչական նյութով արձանագրել է հայկական սպորտի և մարմնակրթության տարեգրությունը: Եվ այս նյութերը տեղ են գտել «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրության մեջ և Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրության շրջանակներում, որը կգործի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
Ցուցադրության մեջ ներկայացվել են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտային կյանքին առնչվող բացառիկ լուսանկարների բնօրինակներ, ինչպես նաև մրցանակներ,, հազվագյուտ մեդալներ, մարզական մրցումների ազդագրեր, թերթեր և այլն, որոնց մեծ մասը թանգարան-ինստիտուտին հանձնել է Ճոլոլյանների ընտանիքը։




