Վերլուծական

Հայաստանի խնդիրները ոչ Արեւմուտքին, ոչ Արեւելքին չեն հետաքրքրում

lianaeghiazaryan

Հայաստանը ծանր պայքար ունի տանելու, եւ սա այն դեպքըը չէ, երբ ժպիտով ու սթափվելու կոչերով ժողովուրդը հանգստանա, ասում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Ադրբեջանական բանակը, ըստ նրա, հայկական զինված ուժերի մարտունակությունը չունի, բայց այս դանդաղ պատերազմով մեր ռեսուրսները սպառելով հակառակորդը մանր հաղթանակներ կարող է ունենալ: Ինչ վերաբերում է մեր ներքաղաքական խնդիրներին, ապա դրանք էչ Արեւելքին, ոչ Արեւմուտքին իրականում չեն հետաքրքրում, կարծիք է հայտնել Շիրինյանն ու շեշտել` հայաստանյան օլիգարխիան ունի Մոսկվայի աջակցությունը:

 

Սահմանային լարվածությանը քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մի բնորոշում է տալի` սա դանդաղ տեւող պատերազմ է, հակառակորդը փորձում է վիճակը լարված վիճակում պահել մեր ռեսուրսները սպառելու համար:

Միջազգային այս իրադրության պայմաններում եւ հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի դեպքում Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի, բայց տարիներով այս հաջողությունը կունենա»,- ասաց:

Սահմանամերձ գոտում անհանգիստ վիճակ առաջացնելով` Հայաստանին ու Արցախին պարտադրել, որ սահմանամերձ գոտու հողային տարածքները չմշակվեն, դա էլ պատերազմի ձեւ է:  Ուստի ժամանակն է, որ հայկական կողմը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխի իր գործողությունները, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Հայաստանը պետք է հայտարարի հակամարտության կարգավորման գործընթացում իր անուղղակի մասնակից լինելն ու դուրս գա բանակցությունների գործընթացից, փոխարենը պետք է  առաջ մղվի Արցախը: Այս կոնֆլիկտի ուղղակի մասնակիցներն են Ադրբեջանն ու ԼՂՀ-ն՝ իր Սահմանադրությամբ եւ  այն տարածքներով, որոնց վրա վերահսկողություն է սահմանել: Իսկ անուղղակի մասնակիցներն են դառնում Հայաստանը, որը բնականաբար, Արցախի ոչ միայն անվտանգության երաշխավորն է , այլեւ Արցախի տարածքային ամբողջականության երաշխավորը, եւ Թուրքիան, որն ադրբեջանական խողովակով միշտ կոնֆլիկտի մեջ է»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը` միաժամանակ վստահություն հայտնելով. «Ադրբեջանի բանակը հայկական զինուժի համար խնդիր չէ»:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` Շիրինյանը վստահություն է հայտնում` իրականում ոչ մի հարց չի կարող լուծվել զուտ սոցիալական պայքարով, այդ հարցն ինքնըստինքյան քաղաքականանում է: Յուրաքանչյուրը, ասում է, պետք է գիտակցի` օլիգարխիան, որն այս երկրի ճգնաժամը հասունացրել է, չի հանձնվելու, նա ունի հովանավորներ նաև Մոսկվայում: Սա ծանր պայքար է ու այն դեպքը չէ, երբ ժպիտով ու սթափվելու կոչերով ժողովուրդը հանգստանա:

«Գործն առաջ կգնար, եթե նախագահն այս թալանի հարցը չդներ չունևոր խավի, կամ պետական բյուջեի վրա, կամ էլ արտաբյուջետային միջոցների վրա: Գործն առաջ կգնար, եթե պատասխան տային նրանք, ովքեր դղյակներ են կառուցել Հայաստանի և հայ ժողովրդի արտագաղթի հաշվին: Բայց մենք դա չտեսանք»,-  ասում է Շիրինյանը` միաժամանակ շեշտելով` ցուցարարները, այդուհանդերձ, որոշակի արդյունք գրանցել են:

Իսկ թե ինչու են մարդիկ խուսափում սոցիալական պայքարը քաղաքականի հետ համադրելուց, քաղաքագետը նկատեց. «Տարիներ շարունակ ընդդիմության անունից քաղաքականություն վարողներն այնքան վարկաբեկեցին այդ քաղաքականությունը, այնքան իշխանության հետ գործարքների մեջ մտան, որ հիմա մարդիկ չունեն հավատ, թե այդ ընդդիմություն կոչվածը կարող է այդ խնդիրը լուծել: Այստեղից էլ առաջացավ անջրպետը: Ինչ վերաբերում է Արեւմուտքի կամ Արեւելքի վերաբերմունքին մեր խնդիրների հանդեպ` Շիրինյանը պարզապես նկատեց` այս բոլորը Արևմուտքի համար դեկորացիա է, Արևելքի համար էլ ոչինչ չի նշանակում:

Back to top button