Մայիսյանի հրդեհից տուժած բնակիչները կարող են բնակարան ձեռք բերել… 21 տարի անց
Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանականերում Մայիսյան գյուղի մանկապարտեզի շենքում ապրող 4 ընտանիքի կհատկացվի որոշակի գումար՝ նոր բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Այդ ընտանիքները 1994 թվականից տեղափոխվել էին մանկապարտեզի շենք՝ բազմաբնակարան բնակելի շենքի հրդեհման պատճառով: Բնակարաններ ձեռք կբերեն նաև Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային թիվ 2 շենքի բնակիչները:
Այսօրվա առավոտը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի մանկապարտեզում ապրող բնակիչների համար բարի լուրով բացվեց: Մարզերի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Արմավիրի մարզի վթարային շենքերի բնակիչներին հատկացվելու է գումար՝ նոր բնակարաններ ձեռք բերելու նպատակով: 21 տարի ապրելով մանկապարտեզի շենքում` նրանք հույսը չէին կորցրել իրենց սեփական բնակարանը ունենալու մասին:
Ութ ընտանիք 1994 թվականին անօթևան էր մնացել բազմաբնակարան երկհարկանի շենքի հրդեհման պատճառով: Որպես կացարան նրանց հատկացվել էր մանկապարտեզի շենքը, որը մասամբ ձևափոխել էին և հարմարություններ ստեղծելով ապրել:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ընտանիքին կհատկացվի մոտավորապես 26 մլն. դրամ։ Այն բացառապես օգտագործվելու է բնակարան ձեռք բերելու նպատակով, հակառակ դեպքում հետ կգանձվի:
Հրդեհված բազմաբնակարն շենքը, որտեղ նախկինում ապրել են բնակիչները,1940- ական թվականների շինություն էր՝ կառուցված գերմանացի գերիների կողմից: Հիմա միայն պատերն են կանգուն:
Հրդեհից հետո մանկապարտեզում օթևան գտած ութ ընտանիքից 4-ն արտագաղթել է, մյուս 4-ը շարունակում է ապրել մանկապարտեզում: Հայաստան Նազարեթյանը կիսում է ուրախությունը, նշելով, որ այն լավագույն նվերն էր տղայի հարսանիքին:
Չորս ընտանիքից միայն մեկը ցանկություն հայտնեց հատկացված միջոցներով վերականգնել նախկին բազմաբնակարան շենքի իր բնակարանը, մնացածը բնակարաններ ձեռք կբերեն Արմավիր քաղաքում:
Մայիսյան գյուղում մակապարտեզի բնակեցման պատճառով 21 տարի այն չի գործել, շենքը նույնպես հիմնանորոգման կարիք ունի: Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը տեղեկացրեց, որ սեփական միջոցներով չեն կարող հիմնանորոգումներ իրականացնել:
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային բազմաբնակարան 3 շենքից միայն մեկ շենքի ութ ընտանիքի բնակարանային պայմանները կապահովվեն: Նոր բնակարաններ ձեռք բերելու նպատակով նրանց հատկացվելու է 53 մլն 400 հազ. դրամ:
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ այս տարի Լենուղում ամենավթարային շենքի բնակիչների կարիքները կբարելավվեն, իսկ շենքը ենթակա է քանդման:
Լենուղի գյուղի մյուս վթարային շենքերի բնակիչների բնակարանային պայմանները կապահովվեն հաջորդ տարի, իսկ այս տարի ծրագրով նախատեսված գումարները բնակիչներին կհատկացվեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: