ԱՄՆ աջակցություն կցուցաբերի սիրիահայությանը
ԱՄՆ աջակցություն կցուցաբերի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: Նման հայտարարություն են արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյանները տեղի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, հաղորդում է Հայ դատի գրասենյակը:
«Հանդիպումը մեզ հնարավորություն է տվել կարծիքներ փոխանակել և սիրիահայերի մարտահրավերներին իրական լուծումներ մշակել»,- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ գոյություն ունի լուրջ հակասություն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի փախստականներին տրամադրվող օգնության չափերի և սիրիահայերին այդ օգնության ընդամենը չնչին մասի բաժին հասնելու հետ կապված: Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ ԱՄՆ դիվանագետները կոչ են արել համայնքի ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնցով ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: