

Որտե՞ղ և ինչպե՞ս են անցկացնում իրենց հանգիստը հաշմանդամություն ունեցող անձինք: Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող «Էխո» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանն ահազանգում է, որ հանգստյան գոտիները ոչ միայն հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլև վերջիններս չեն ընդգրկվում ամառային ճամբարներում: Հաշմանդամություն ունեցող երեխաները սահմանափակվում են քաղաքից դուրս գտնվող վերականգնողական կենտրոններ այցելելով:
Խնդիրների շարքը, որին բախվում է հաշմանդամություն ունեցող անձը Հայաստանում կարելի է անդադար թվարկել. գործազրկություն, ազատ տեղաշարժն ու լիարժեք հանգիստ կազմակերպելու համար պայմանների բացակայություն…
Թեև մայրաքաղաքում որոշ քայլեր ձեռնարկվում են հաշմանդամների ազատ տեղաշարժի համար, սակայն ուսումնական հաստատություններում, մշակութային կենտրոններում, ինչու ոչ՝ նաև հանգստյան տներում, հյուրանոցներում ու ժամանցի վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց համար չկան անհրաժեշտ պայմաններ։
Որոշ հյուրատներն էլ , որոնք ինչ- որ չափով հարմարավետ են նաև հաշմանդամների համար, աստղաբաշխական գներ ունեն, դժգոհում է «Էխո» հաշմանդամ երեխաների և երիտասարդների աջակցության» հկ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները բազմիցս են բարձրաձայնում ներառական կրթության և ներառական հանգիստը ճիշտ կազմակերպելու մասին: Նմանօրինակ խնդիրների բախվում են շատ հաշմանդամություն ունեցող երեխաներ, պնդում է Սերյոժա Օհանջանյանը և ակնկալում հարցի շուտափույթ լուծում։ Նա ահազանգում է, որ ամառային ճամբարներում հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ընդգրկվում:
Նրանք ամառային տաք եղանակին փակված են տներում: Լավագույն դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաները ամառային հանգստի մի մասը կարողանում են անցկացնել քաղաքից դուրս գտնվող վերականգնողական կենտոններում կամ էլ «Լիարժեք կյանք»> հասարակական կազմակերպության կազմակերպված ներառական ճամբարներում։ Այս ճամբարներում իրենց հանգիստը կարողանում է անցկացնել մոտ 100 հաշմանդամ եւ միայն պետական աջակցության դեպքում հնարավոր կլինի մեծացնել հանգստացողների թիվը։
Հաշմանդամություն ունեցող անձի մոտ, հասարակությունից անջատված լինելու պայմաններում, առաջանում են բարդույթներ: , Սակայն հոգեբան Աննա Բադալյանի դիտարկմամբ, այսօր արդեն հասարակության մոտեցումներ փոխվել են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Հաշմանդամի մոտ բարդույթներ են առաջանում, երբ նրանց խղճահարությամբ են նայում:
Վերջին տվյալներով՝ Հայաստանում ապրում է հաշմանդանմություն ունեցող 8000 երեխա և 27 հազար երիտասարդ, որոնց համար պետք է ստեղծվեն հասարակություն ինտեգրման բարենպաստ պայմաններ։




