
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Լեւոն Արթուրի Նալբանդյանի վիրավորվելու դեպքով հարուցվել է քրեական գործ ` առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, հայտնում են Քննչական կոմիտեից։ Գործը հարուցել է կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժինը։
Երեկ ժամթ 00:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը:
Նույն օրը` ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը եւ հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:
Հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Իր հերթին Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը news.am- ին հայտնել է, որ 22-ամյա Լեւոն Նալբանդյանի վիճակը լավ է: Նշել է, որ երիտասարդին տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք:




